Մենք հավատում ենք արցախցուն, սիրում ու նվիրված ենք Արցախին…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ ՆԵՐՍԵՍՍՅԱՆԻ հետ

hhpress.am

— Հարգելի՛ պարոն Ներսեսսյան, ներկայացրեք, խնդրեմ, Ավետարանչական ընկերակցության գործունեությունն աշխարհում եւ Հայաստանում:

— Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այսօր 103 տարեկան է: Հիմնվել է 1918-ին՝ Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգների Ուստր քաղաքում:

Կցանկանամ մեկ ճշտում անել. Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւ Հայ Ավետարանական եկեղեցին տարբեր կառույցներ են: Մարդիկ երբեմն շփոթում են այս երկուսը: Մենք եկեղեցի չենք, կրոնական ծառայություններ չենք մատուցում, թեպետ քրիստոնյա ենք եւ ղեկավարվում ենք բացառապես քրիստոնեական սկզբունքներով:

Ավետարանչական ընկերակցությունը բարեգործական կազմակերպություն է, համագործակցում է Հայ Ավետարանական եկեղեցու հետ, որը 175 տարվա պատմություն ունի: Այն հիմնվել է 1946-ի հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում: Սակայն դա այլ թեմա է: Չնայած բարեգործական աջակցություն իրականացրինք երկրաշարժից անմիջապես հետո՝ 1989-ին, բայց մեր գրասենյակը բացվել է 1991 թ.: Ծառայությունների հիմնական ուղղությունը կրթական է. մեր նախկին տնօրեններից մեկն ասում էր, որ կրթությունը Ավետարանչականի գեների մեջ է: Պատճառն այն է, որ ավետարանականները շատ են կարեւորում կրթական ոլորտի զարգացումը: Մինչեւ Հայոց ցեղասպանությունը հայ ավետարանականները Օսմանյան կայսրության տարածքում ունեին 200-ից ավելի դպրոցներ: Առաջին իգական ավագ դպրոցը բացել են ավետարանականները: Ես ծնվել, մեծացել եմ Լիբանանում եւ հաճախել եմ Ավետարանական քոլեջ՝ Հայկազյան համալսարանի կողքին, եւ շատ հպարտ եմ այդ դպրոցով: Մեզ համար հավասարապես կարեւոր են կրթությունն ու դաստիարակությունը: Ավետարանչական ընկերակցությունը հայ ազգին նվիրված կազմակերպություն է: Կազմակերպության ամբողջ բյուջեի կեսն ուղղվում է միայն Հայաստանին:

— Իսկ կազմակերպության աշխարհագրությունը կներկայացնե՞ք:

— Ավետարանչական ընկերակցությունը ներկայում ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 24 երկրում: Որտեղ հայ կա, մենք այնտեղ ենք: Հայաստանից դուրս Հայ Ավետարանական եկեղեցիների միջոցով ենք իրականացնում մեր ծառայությունը: Միայն Հայաստանում է, որ 1991-ին գրասենյակ հիմնեցինք: Հայաստանում եւ Արցախում այսօր ունենք 450-ից ավելի աշխատակից: Հայաստանը, հայրենիքը, հայ ժողովուրդը մեզ համար շատ կարեւոր են: Որպեսզի ունենանք ուժեղ ազգ, ուժեղ ժողովուրդ ու երկիր, պետք է ունենանք առողջ մտածելակերպով, կրթված, դաստիարակված, զարգացած քաղաքացիներ: Դրա համար է, որ առավել շատ ուշադրություն ենք դարձնում կրթությանը եւ դաստիարակությանը: Սակայն առաջնահերթորեն հարկավոր էր նյութական օժանդակություն: Ուստի սկզբնական փուլում շարժվեցինք այդ ուղղությամբ, հովանավորչական ծրագրեր իրականացրինք, նաեւ բժշկական օգնություն տրամադրեցինք: Այդ տարիներին դա էր պետք: Հետո աստիճանաբար սկսեցինք իրականացնել նաեւ կրթական տարբեր ծրագրեր:

— Կրթական ի՞նչ հատուկ ծրագրեր եք իրականացնում:

— 1998-99 թթ. հիմնեցինք «Ավետիսյան» կրթօջախը, որը տարեցտարի ընդլայնվեց եւ այսօր մայրաքաղաքի լավագույն կրթահամալիրներից է: Մոտ կես տարի առաջ ԵՊՀ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ԱՀԱԸ «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնների սոցիալական աշխատանքի խորհրդատու Աննա Ոսկանյանի հետ «Ավետիսյան» դպրոցում սկսեցինք մի նոր ծրագիր, որը դրական արդյունք ու արձագանք ստացավ հանրության շրջանում: Խոսքը ծնողավարման դասընթացների մասին է: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, դժբախտաբար, շատ ծնողներ տեղյակ չեն կամ հնարավորություն ու ժամանակ չունեն իրենց երեխաների հետ զբաղվելու: Այս խնդիրը գոյություն ունի նաեւ արտասահմանում, անգամ շատ զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Կանադայում: Մեր նպատակն է ծնողավարման դասընթացների միջոցով օգնել այդ ծնողներին: Նախատեսում ենք այս ծրագիրն ընդլայնել ու կիրառել նաեւ դպրոցից դուրս: Դարձյալ պետք է ասեմ, որ եթե ցանկանում ենք լավ ապագա ունենալ, ապա լավ սերունդ պետք է կրթենք ու դաստիարակենք: Ուրիշ տարբերակ չկա:

Արցախում ունեինք 4 մանկապարտեզ, մեկը Շուշիում էր, բայց, ավաղ, կորցրինք. մնացին երեքը: Լիահույս ենք, որ Շուշիինն էլ կվերադարձնենք: Ունենք նաեւ «Շող» կենտրոններ, որոնք խոցելի խմբի երեխաների համար են գործում. այն երեխաների, որոնք, բացի ֆինանսական ծանր դրության մեջ ապրելուց, ունեն նաեւ հոգեբանական, սոցիալական աջակցության կարիք, ընտանեկան լուրջ խնդիրներ, տարատեսակ վախեր: Այդ կենտրոններում երեխաներին դպրոցից հետո կերակրում են, եւ մեր ուսուցիչները, հոգեբաններն ու սոցաշխատողներն զբաղվում են նրանց հետ: Բավական լավ արդյունքներ ունենք այդ կենտրոններից: Առաջիններից մեկը բացվել է Նոր Նորքի 7-րդ զանգվածում: Երեւանից բացի, նման կենտրոններ ենք բացել նաեւ Վանաձորում, Գյումրիում, Շուշիում եւ Ասկերանում: Շուշիի կենտրոնը տեղափոխելու ենք Ստեփանակերտ:

Հիսուսը երբ եկավ, ուշադրություն դարձրեց մեղավորին, ընկածին: Նա եկավ մեղավորների համար: Քրիստոսին քննադատում էին նրա համար, որ մաքսավորների, բորոտների հետ հաց է կիսում: Որպես քրիստոնեական կազմակերպություն՝ մեր գաղափարախոսության հիմքում նույնպես ընկածին, անտեսվածին եւ արհամարհվածին բարձրացնելու սկզբունքն է: Քանի որ ունենք նաեւ բժշկական ծառայություններ, դարմանատներ ենք բացել Երեւանում եւ Սպիտակում: Մեր ներկայությունն ենք ապահովում Հայաստանի քսաներեք քաղաքներում ու գյուղերում:

-Ի՞նչ դերակատարում ունեն Արցախն ու արցախահայությունը Ձեր կազմակերպության համար:

-Մենք հիմնավոր ներկայություն ունենք Արցախում (Շուշի, Ասկերան, Մարտակերտ, Ստեփանակերտ): Բավական է նշել, որ այնտեղ ունենք հարյուր աշխատակից: Պատերազմի ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել մեր աշխատակիցներին, որոնցից ոմանք տեղափոխվել էին Հայաստան, սակայն այժմ խրախուսում ենք նրանց վերադարձը: Արցախում լայնորեն իրականացնում ենք բազմաթիվ մշակութային ծրագրեր: Այստեղ՝ Երեւանում, կատարում ենք նաեւ հրատարակչական աշխատանքներ, որոնցով զբաղվում է Ա. Մարդոյանը: Ունենք նաեւ թատերական խմբակ՝ «Հայասա», որը տարեկան երկու անգամ ներկայացումներ է տալիս, հիմնականում Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոներին: Այս տարի Սուրբ Ծնունդին Հայաստանում եւ Արցախում բաշխեցինք նվերների տասներկու հազար պայուսակ: Գիտակցում էինք, որ դժվար ժամանակներ են, որ հայ ազգը սգում է պատերազմի հետեւանքները, սակայն երեխայից իր ուրախությունը, իր մանկությունը չի կարելի խլել: Դրա համար հիմնական շեշտը դրված էր արցախցիների վրա: Անցյալ շաբաթ այցելեցինք Վարդենիսի սահմանամերձ 18 գյուղ, եւ հույս ունենք, որ շուտով կհաջողվի այցելել նաեւ Գորիսի սահմանամերձ գյուղեր՝ երեխաներին քրիստոնեական հույսի պատգամը փոխանցելու եւ նվերներ բաժանելու: Ամեն տարի Հանքավանում եւ Շուշիում կազմակերպում էինք ճամբարներ. տեսնենք, թե այս տարի որտեղ կկազմակերպենք Շուշիի ճամբարը: Տարեկան մոտավորապես 2000 երեխա հանգստանում է այդտեղ, մոտ 5000-ն էլ՝ բակային ճամբարներում:
Երբ պատերազմը սկսվեց, Արցախի մեր ներկայացուցիչը զանգահարեց առավոտյան ժամը 7-ին եւ ասաց. «Պարո՛ն Ներսեսսյան, պատերազմ է սկսվել»: Անմիջապես կապվեցի Ամերիկա՝ մեր տնօրենի հետ, ով մեզ հրահանգեց առանց սահմանափակման ամեն բան անել արցախցիների համար: Մենք մեր կենտրոններում կարողացանք տեղավորել 280 արցախցու, մինչ օրս երեսուն արցախցի է ապրում Հանքավանի մեր ճամբարի շենքում: Բացի այդ, նյութական մեծ օգնություն հատկացրինք հարյուրավոր մարդկանց: Այդ օրերին մեր կազմակերպությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեց մեկ մլն դոլար: Արցախցի երեխաների համար իր դռները բացեց «Ավետիսյան» դպրոցը, որտեղ մինչ այժմ սովորում է արցախցի տասնութ երեխա: Հազար դպրոցականների համար տեղական արտադրության ձմեռային հագուստ ու կոշիկ պատվիրեցինք: Նորածին մանուկներին սնունդ, տակդիրներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ հատկացրինք: Այժմ էլ ամեն բան անում ենք, որ արցախցիները վերադառնան Արցախ: Մենք հավատում ենք արցախցուն, սիրում եւ նվիրված ենք Արցախին:

Համագործակցում ենք նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ, որի շրջանակներում հինգ հարյուր արցախցի երեխայի հատկացնելու ենք «Լենովո iPad»-ներ, որոնց մի մասի մեջ արդեն ներբեռնված են լինելու հատուկ կրթական ծրագրեր հոգեբանական սթրեսներից դուրս գալու համար: Նաեւ պետք է վերանորոգենք հիսուն ընտանիքի բնակարան Արցախում, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց հայրենի Արցախ: Առաջին ութ վերանորոգվելիք բնակարանները Ստեփանակերտում են. աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այժմ փորձում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել քաղաքապետարանի հետ, որպեսզի վերցնենք մի թաղամաս եւ վերանորոգենք բնակարանները: Քանի որ միայն պետությունը, բնականաբար, դժվարությամբ կկարողանա ավերածությունների հետեւանքները վերացնել, եւ հնարավոր է՝ երկար ժամանակ պահանջվի, որոշեցինք արագ արձագանքել: Դրանից զատ՝ հազար երեխաների բաժանել ենք մանկական Աստվածաշունչ, որոնք մեզ է տրամադրել Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:

— Որքան էլ բարդ է, Դուք կարողանում եք պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխկապակցվածությունը: Հայաստանն իր հայացքը հաճախ է հառում դեպի սփյուռք: Իսկ սփյուռքն ի՞նչ պահանջ ու ակնկալիք ունի մայր հայրենիքից:

-Նախ նշեմ, որ սփյուռքը շատ դրական ընդունեց հեղափոխությունը, ոչ թե այն պատճառով, որ գլխավորել էր այս կամ այն անձը, այլ որովհետեւ հեղափոխությունը իրականացավ ժողովրդի կամքի դրսեւորման արդյունքում, այսինքն՝ ժողովուրդը ցանկացավ դա: Սակայն սփյուռքը միաժամանակ ցանկանում է առողջ, ուժեղ Հայաստան, որը կաջակցի սփյուռքին: Սփյուռք ասելով առավելապես նկատի ունեմ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի հայությանը. Միջին Արեւելքի սփյուռքը վերջին շրջանում, դժբախտաբար, զգալիորեն թուլացավ: Վերջին մի քանի տասնամյակներին Միջին Արեւելքի սփյուռքի ներկայացուցիչների մեծամասնությունը (եգիպտահայեր, լիբանանահայեր, սիրիահայեր, պարսկահայեր) գաղթեց դեպի Հյուսիսային Ամերիկա եւ Եվրոպա: Դա զգալիորեն նպաստեց այդ երկրների հայ համայնքների ուժեղացմանն ու զարգացմանը: Ես եւս այդ խմբի մեջ եմ եղել: 1976-ին գնացի Կանադա: Կարեւոր է ունենալ հզոր Հայաստան, որպեսզի երկիրն ունակ լինի ներդրումներ կատարելու սփյուռքի մշակութային, կրթական կյանքում՝ ազգային ինքնությունը պահպանելու համար: Բացի սրանից՝ սփյուռքը ցանկանում է մայր հայրենիքում տեսնել արդարություն, ժողովրդավարություն, ցանկանում է, որ հայերը միաբան լինեն եւ իրենք էլ որոշակիորեն մասնակից լինեն պետության կառավարմանը: Չնայած մեր կազմակերպությունը քաղաքականության մեջ չէ, բայց պետք է նշեմ. որ Սփյուռքն իր խոսքը պետք է ունենա, իսկ որոշումները պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը:

Ամենակարեւորը հայության միաբանությունն է: Սփյուռքում հիմա ավելի միաբան ենք, քան երբեւէ: Նախկինում, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, հայերը՝ դաշնակցական, հնչակյան, միմյանց էին սպանում, եւ դա մինչեւ հիմա ժողովրդի հիշողության մեջ է: Բարեբախտաբար, 1976-ի պատերազմին միաբանվեցինք: Միաբանվելու համար Հայաստանում ժողովրդավարությունը պետք է ամրանա եւ ինստիտուցիոնալացվի: Չեմ ցանկանում քաղաքականության դաշտ մուտք գործել, սակայն պետք է նշեմ, որ կուսակցություններն այսօր հիմնականում անհատի շուրջ են հավաքված, ոչ թե գաղափարի: Անհատները գնում-գալիս են, բայց գաղափարը մնայուն է: Որեւէ մեկը ճշմարտության մենաշնորհ չունի: Ազնիվ երկխոսության արդյունքում կան գաղափարներ, որոնց շուրջ կարող են հավաքվել անխտիր բոլոր հայերը: Այսինքն՝ իմ շահը ես պետք է ստորադասեմ ազգի շահին: Եվս մի միտք առանձնացնեմ: Մենք մեր ես-ը պետք է խոնարհեցնենք: Հայերս հսկայական էգո ունենք: Պետք է միշտ ենթադրենք, որ դիմացինը գիտի մի բան, որը մենք չգիտենք: Այս առումով ճիշտ դաստիարակությունը պետք է մտնի ժողովրդի մեջ՝ ներքեւից մինչեւ վերին շերտեր: Միշտ նշում եմ, որ այս պատերազմը տանուլ տալու գործում մեղավոր է յուրաքանչյուր հայ: Երբ միմյանց խաբել ենք քաշի, գնի կամ որակի հարցում, դա նույնպես նպաստել է պատերազմում պարտվելուն:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Pin It on Pinterest