Արեն Դեյիրմենջյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցչի տեղակալ
Դա կարող էր լինել ընդամենը մեկը բազմաթիվ պահերից, բայց հիշարժան էր, երբ պատերազմի ավարտից հետո առաջին անգամ վերադարձանք Արցախ ու տեսանք քաջություն նրանց դեմքերին։
Այնտեղ էին նրանք, գրեթե 60 օր անց այդ ամենի մեկնարկից։ Որքա՜ն բան էր փոխվել երկու ամսում. մենք եւս փոխվել էինք։
44 երկար ու ձիգ օրեր, ապա՝ հրադարարի համատեղ հայտարարություն, որ ավելի անհանգստություն բերեց, քան այդքան փնտրված խաղաղություն։ Տեղահանվածները, որոնց թիվը գրեթե 90,000 է (մեծամասամբ կանայք ու երեխաներ), ապաստան գտան մայր հայրենիքում։ Այժմ, լսելով լուրերը, որքան էլ ցավոտ դա լինի, կամաց-կամաց սկսեցին վերադառնալ. գոնե նրանք, որոնք դեռ կարող էին։ Մյուսներն ընտրեցին մնալը՝ վախենալով անորոշությունից, կամ պարզապես որովհետեւ նրանց երբեմնի տունն այլեւս չկար։
Արցախում երեք ԱՀԱԸ մանկապարտեզ եւ երկու կրթական ցերեկային կենտրոն վերաբացվեց, որոշներն արդեն գրեթե ողջ թափով գործում են։ Մարդիկ, ովքեր այդտեղ չէին, շարունակում էին զանգել՝ վստահ լինելու, որ իրենց տները տեղում են։ Աննկարագրելի հուսահատության մեջ, տակավին վերադարձի ոգեւորություն կար։ Աշխատակազմը նույնպես վերադարձավ՝ զարմանալի արագությամբ անցնելով իրենց առօրյա գործառույթների կատարմանը, մինչ հիմնովին վերակառուցման աշխատանքները շարունակվում էին Ստեփանակերտի ԱՀԱԸ վնասված շենքում։
Պատերազմից անմիջապես հետո, Ավետարանչականը վերստին ձեռնամուխ եղավ իր առաքելությանը՝ ոչ միայն առաջին օգնություն տրամադրելու, այլեւ օգնելու վերակառուցել քանդվածը։ Նյու Ջերսիում ԱՀԱԸ գլխամասի նախաձեռնած հրատապ գործողությունները՝ համոզմամբ, որ արագությունը եւ ուշադրությունը կենսական նշանակություն ունեն վերականգնման եւ կայունության համար, թույլ տվեցին տեղում արագորեն փոխել իրավիճակը, թեեւ սուգը դեռ չէր ավարտվել:
Հավատարիմ մնալով իր բազմամյա ռազմավարությանը՝ Ավետարանչականը պահեց իր անմիջական կենտրոնացումը դարձյալ երեխաների եւ նրանց բարօրության վրա։ Ծրագրերը նախագծված էին հինգ ոլորտներում՝ հագուստի բաշխում, հեռավար կրթություն, տների հիմնանորոգում, ընտանիքների օգնություն եւ երեխաների հովանավորություն։
Տեղական ընկերություններին պատվիրվեց արտադրել 6-12 տարեկան երեխաների համար տաք ու բարձրորակ հագուստեղենի (ներառյալ կոշիկ) 1,000 փաթեթ՝ 500 տղայի, 500 աղջկա։
Սերտորեն համագործակցելով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ՝ մենք ձգտեցինք Արցախի երեխաներին ապահովել հատուկ գործիքներով, որոնք հասանելի են դարձնում առցանց կրթությունը եւ ապահովում նրանց դասերի շարունակականությունը՝ նաեւ համավարակի պատճառով ընդհատված ուսումնական տարում։ Հունվարի վերջին, կարիքավոր ընտանիքների 250 երեխայի մենք բաշխած կլինենք յուրահատուկ թաբլեթներ՝ զինված համացանցային կապով SIM-քարտերով, կրթական ծրագրային ապահովմամբ, ինչպես նաեւ հոգեբանական վերականգնման հավելվածներով։
Իրենց տների վնասվածության պատճառով, վերադարձած բնակչության մեծ մասը, որ հիմա ժամանակավոր կացարաններում է, դեռեւս չգիտի՝ որտեղ է ապրելու։ Թեեւ շատերին Կառավարությունը տրամադրել է սուբսիդավորված վարձավճարով բնակարաններ, այնուամենայնիվ ոչ բոլորին է դա բաժին հասել։ Կեցավայր փնտրող մարդկանց քանակը եւ կարիքը ահռելի էր, ու հերթը մասնավոր կազմակերպություններինն էր՝ ներգրավվելու այս գործում։ Սոցապ նախարարության հետ միասին, համագործակցելով հոլանդական «Առաքելությունն իրագործելի է» կազմակերպության հետ՝ մենք ծրագրեցինք հիմնանորոգել մոտ 50 տուն, որպեսզի բնակիչները վերադառնան իրենց հարազատ օջախներ։ Շինաշխատանքներն սկսվեցին հունվարի կեսին։
Կարիքավոր ընտանիքներին հատկացումները՝ մի բան, որ AMAA-ն անում է երկար տարիներ, նույնպես ընդլայնվեց՝ ընդգրկելով նոր շահառուներ Արցախից եւ 44-օրյա պատերազմում ընտանիքի անդամ կորցրած հայաստանցիներից։ Մենք նաեւ խոստացել ենք մեծացնել երեխաների հովանավորության ծրագիրը՝ ներառելու ավելի շատ արցախցի երեխաների։
Շուրջ 156,000 ընդհանուր բնակչությունից մոտ 100,000 մարդ այժմ բնակվում է բուն Արցախում (նախկին ԼՂԻՄ տարածքներում)։ Նրանցից գրեթե 15,000-ը մինչեւ 12 տարեկան երեխաներ են։ Նրանք երբեք չէին տեսել նման ծավալի պատերազմ, ոչ էլ սպասել էին, անգամ 1990-ականներին, երբ նրանց հայրերն ու պապերը չտեսնված ու անհավատալի հաղթանակ տարան։ Հայրերը չեն լքել Արցախն այդ պատմական պատերազմից հետո։ Սա նրանց հողն է, ուր իրենք շարունակ վերադառնում են։ Այժմ երեխաները նույնպես դա գիտեն։
Հիմա, ի հեճուկս գոյություն ունեցող խոշոր անորոշություններին, սա կարեւոր ժամանակ է, որ նրանք ու իրենց սերունդները երկար կհիշեն։ Ավետարանչականը հույս ունի մեղմել անապահովության գոնե մի մասը, օգնության միջոցով եւ այն ծրագրերի, որոնք երկարաժամկետ օգուտ կբերեն։ Բայցեւայնպես, ամենքը պետք է օգնեն։ Երեխաներն, ում մենք դաստիարակում ենք, կմեծանան ու կկայացնեն ավելի իմաստուն որոշումներ։ Գործն սկսվում է հիմա, այստեղ։
Չնայած կարող է դա աննշան մանրուք թվալ, բայց ողջունելիս նրանց համարձակ ժպիտը, կարծես, ինչ-որ բան էր ասում: Եվ դա միայն ուժ ու վճռականություն չէր. այն նաեւ հույսի մասին էր, եւ AMAA-ը այնտեղ էր՝ նախեւառաջ այդ հույսը մշակելու, որ այն ճիշտ զարգանա:
Մենք չենք կարող ինքնահոսի թողնել այդ ամենը, ոչ այս ծանր ժամանակներում: