«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը
քո հավաքական ուժի մէջ է»: Եղիշե Չարենց
1990 թ. օգոստոս 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,- ասված է հռչակագրում: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով որպես երկրի զարգացման միակ ճշմարիտ և անշեղ ուղի:
Այդ օրերին, անկախ առկա տնտեսական և այլ դժվարություններից, մարդիկ տոգորված էին լավատեսությամբ ու ապագայի նկատմամբ հավատով:
Ինչպես շատերն են ասում, այն օրերին լույս չկար, բայց հույս կար:
30 տարի անց լույս կա, սակայն հույսն է բեկվել շատերի համար:
Արդ, Անկախության տոնի առիթով արժե մտորել մեր հույսի մասին:
Առաջարկում եմ ծանոթանալ աֆրիկյան երկու երկրների անցած անկախության ճանապարհին:
1994 թ. մայիսի 10-ին մարդու իրավունքների համար պայքարի առաջամարտիկ Նելսոն Մանդելան դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը: Մինչ այդ երկրում իշխում էր ռասիստական ապարտեիդյան ռեժիմը, երբ սպիտակամորթ փոքրամասնությունը ճնշում ու կեղեքում էր աղքատության մեջ ապրող սևամորթ մեծամասնությանը՝ զրկելով նրանց տարրական իրավունքներից: Ստանձնելով իշխանությունը՝ Մանդելան վերջ դրեց ռասիստական ռեժիմին:
Հակառակ սևամորթների մոտ տիրապետող վրեժխնդրության տրամադրություններին՝ Մանդելան իր ազգակիցներին հորդորեց մոռանալ անցյալը, մի կողմ դնել ատելությունը և ներողամտության ոգով համագործակցել սպիտակների հետ՝ երկրին սպառնացող լուրջ խնդիրները լուծելու հեռանկարով: Օգտագործելով սպիտակամորթների մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը մտավ զարգացման ճանապարհ:
Ի տարբերություն աֆրիկյան այս երկրի՝ նրա հյուսիսում գտնվող Զիմբաբվեն, որի սևամորթ մեծամասնությունը նույնպես ղեկավարվում և ճնշվում էր սպիտակամորթ փոքրամասնության կողմից, այլ մոտեցում ցուցաբերեց: Նրանց ղեկավար Ռոբերտ Մուգաբեն, վրեժխնդրությամբ լցված, սպիտակների գյուղատնտեսական հողերը վերցրեց ու տվեց սևամորթներին: Արդյունքը ծայրահեղ աղքատությունն ու սովը եղավ, որովհետև սևամորթները չունեին հողերը մշակելու մասնագիտական հմտություններ:
30 տարի առաջվա տիրապետող հույսը վերականգնելու համար, մենք պետք է Հարավաֆրիկյան Հանրապետության ներողամտության, հաշտության ու համագործակցության ուղին որդեգրենք:
Մենք ունենք հսկայական հավաքական ներուժ՝ մեզ մարտահրավեր նետող Գողիաթին հաղթելու համար: Այս ներուժը մեր ազգի զավակների կարողությունների մեջ է: Յուրաքանչյուր հայ կրում է այդ ներուժի մի մասնիկը:
Մենք կունենանք կայուն, անվտանգ և բարգավաճող հայրենիք, երբ ազգի շահերը գերադասենք մեր անձնականից, երբ հնարավորություն տանք յուրաքանչյուր հայի իր կարողություններն օգտագործել հայրենիքի համար:
Ես շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Անկախության 30 ամյակի առիթով: Սակայն այդ շնորհավորանքը իմաստ ու արժեք կունենա, երբ ազգովի լսենք Աստծո ձայնը և հետևենք Պողոս Առաքյալի հետևյալ հորդորին.
«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր…Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս» (Փիլ 2.3-5)։
Մենք կվերականգնենք հույսը, երբ Քրիստոսի օրինակով կներենք, կսիրենք և միմյանց կբարձրացնենք:
Հարութ Ներսեսսյան
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն