Սեպտեմբերի 22-ին AMAA-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք և հարակից 2 գյուղերի 80 բնակիչ վայելեց դասական, ժողովրդական և հայտնի էստրադային երգերի հրաշալի մի համերգ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգիչներ Վարսենիկ Ավանյանի (մեցցո սոպրանո), Սյուզի Մելքոնյանի (սոպրանո), Արմեն Բադալյանի (տենոր) և երգչուհի Նարե Այվազյանի (սոպրանո) անզուգական կատարումներով: Համերգին մասնակցում էր նաև օպերային թատրոնի կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչը: Միջոցառումը վարում էր AMAA-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը, ով նույնպես հանդիսատեսին նվիրեց իր գեղեցիկ կատարումները՝ բոլորի կողմից սիրված երգերի շարքից:
Ներկաների թվում էր նաև Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն, ով մեծ տպավորությամբ հեռացավ համերգից՝ հայտնելով իր գոհունակությունն ու շնորհակալությունը AMAA-ին: Նման համերգի այս տարածաշրջանի բնակիչներն առաջին անգամ էին մասնակցում: Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, համաշխարհային դասականների և հայազգի ու օտարերկրյա այլ մեծությունների գործերը անբացատրելի մթնոլորտ էին ստեղծել համայնքում. մարդիկ կարծես վերգտած լինեին մի վեհ ու հոգեղեն արժեք՝ սերը գեղեցիկի նկատմամբ։