Պառակտումն ու հանդգնությունը Հայաստանը թողնում են սպառնալից հարցերի առջև, սակայն հետզհետե ի հայտ են գալիս դրական նշաններ:
Արցախյան պատերազմից մեկ տարի անց հայերի շրջանում դժգոհությունն ավելի սրվել է, քան՝ նվազել: Հավանաբար երկար ժամանակվա ընթացքում՝ առաջին անգամ, մենք մեզ թույլ և ծեծված ենք զգում: Մեկ տարի առաջ՝ այսօր, մենք արթնացանք հարձակման ավերիչ լուրից: Բայց սկզբնական ցնցումից հետո վստահություն ու հավատ կար: «Հաղթելու ենք» կարգախոսները դրվում էին ամենուր և անընդհատ կրկնվում: Մարդիկ իսկապես հավատում էին դրան, մինչև վերջին պահը: Պարտությունը պարզապես աներևակայելի էր:
Պարտությունն, իրոք, դժվար էր կուլ տալ: Ոչ միայն դրա ցնցող ելքի պատճառով, այլ այն առումով, թե որքան ստորացված էր երկիրը հրադադարի համաձայնագրից հետո: Թերևս դա ամենից շատ ցավեցրեց, որովհետև մենք միշտ մտածել ենք, որ նույնիսկ ամենադժվար պահերին հայերը պայքարում են և հաղթական են դուրս գալիս իրավիճակից, կամ գուցե մենք հավատացել ենք, որ ի վերջո կհաղթենք, քանի որ Աստված մեր կողքին է. բայց արդյո՞ք այդպես է։ Թվում է, թե այս անգամ՝ ոչ, համենայն դեպս, ոչ մեր տեսանկյունից: Պատերազմը շատ բան կոտրեց, բայց միակ բանը, որ պետք է կոտրվեր, դա մեր ինքնագոհությունն է: Մենք կարծել ենք, որ դա կարող է պատահել ցանկացած ուրիշի, բայց ոչ մեզ հետ: «Հայերն ուրիշ են», — ասում ենք մենք: Բայց ինչու՞ ինքներս մեր հանդեպ տարբեր վերաբերմունք ունենանք:
Մեծ մտածող Ֆ․ Նիցշեն տեղին է ասել. «Մի՛ պայքարիր հրեշների դեմ, որ չլինի թե դու էլ հրեշ դառնաս, և եթե նայես անդնդի խորքը, ապա անդունդն էլ քո խորքը նայի»: Իսկ ավելի պարզ՝ կարելի է հետևյալ կերպ ասել. «Երբ դիմակայում ես չարին, համոզվիր, որ այն չի ազդի քեզ վրա»։ Բայց դա կարող է նաև նշանակել, որ եթե բավականաչափ նայես խավարին, քեզ վրա վերցնես գոյության անտանելի բեռը, այնտեղ կհայտնաբերես մի լույս, որը կարող է ոչնչացնել խավարը: Այն ամենն, ինչ մենք հայտնաբերեցինք և զգացինք վերջին մեկ տարում ՝ ի հեճուկս տառապանքների, մեզ պետք է դեպի նոր լույս ուղղորդի։
Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, կունենա երկարատև հետևանքներ: Այնուամենայնիվ, ոգեշնչող նշաններն ի հայտ են գալիս այնտեղ, որտեղ դրանք փնտրում ես: Պատերազմից հետո Արցախ կատարած մեր մի քանի ուղևորությունների ժամանակ, յուրաքանչյուր այցի հետ միշտ նկատելի բարելավում կար: Տները գրեթե անմիջապես վերանորոգվում և վերականգնվում էին: Հին բիզնեսները վերաբացվում էին, իսկ նորերը ստեղծվում նվիրված հայրենասերների կողմից, ովքեր շատ լավ հասկանում էին ռիսկերը, բայց, այնուամենայնիվ, նախընտրում էին ներդրումներ կատարել: «Մենք պետք է բնակեցնենք երկիրը, այն ավելի ամուր դարձնենք», — հայտարարեց AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը՝ անդրադառնելով Ստեփանակերտում մանկապարտեզի նոր շենքի ծրագրին, որն AMAA-ն նախատեսում է բացել 2022թ․: Մենք պետք է առաջ նայենք և համարձակորեն կառուցենք ապագան՝ թշնամուն պահելով պատշաճ հեռավորության վրա:
Ադրբեջանն ամեն ինչ արեց իր հաղթանակին հաջորդած ամիսների ընթացքում ՝ մեր վերքերը խոցոտելու և ապատեղեկատվության ու փաստերի կեղծման իր տարափը շարունակելու համար: Որոշ առումներով այնպիսի տպավորություն է, կարծես պատերազմը դեռ չի ավարտվել: Մեկ տարվա ընթացքում, երբ հայ քաղաքական գործիչները պայքարում էին իշխանության համար և խորհրդարանում ջրի շշեր էին նետում միմյանց վրա, սահմանային ներխուժումներ տեղի ունեցան Սյունիքում և Գեղարքունիքում, իսկ վերջերս՝ Գորիսից Ղափան մայրուղու վրա: Սա թերեւս թշնամու՝ իր հաղթական դիրքերից օգտվելու և քաղաքական ճնշում գործադրելու միջոց է, կամ պարզապես գրգռիչ ներկայություն ապահովելու մարտավարություն: AMAA-ն արձագանքեց՝ կրկնապատկելով իր ջանքերը նախկինում ավելի փոքրածավալ «Սահմանամերձ գյուղերի ծրագրեր»-ում: Միայն նախորդ տարվա ընթացքում այցելություններ կատարվեցին Հայաստանի արևելյան հատվածի սահմանամերձ ավելի քան 12 գյուղ, իսկ շուրջ 15 այցելություն` Արցախ: Այնտեղ մեզ ողջունող մարդիկ ասում էին, որ մեր բերած օգնությունը չէ, որ կարևոր է: Նրանք ուրախ էին, որ մենք այնտեղ ենք՝ իրենց կողքին, և որ իրենք անտեսված չեն։
Ես հանդիպել եմ անթիվ փորձագետների՝ բոլորն էլ ծագումով հայ, ովքեր պատերազմից հետո եկել են Հայաստան` սեփական փորձից ինչ-որ բան բաժնեկցելու համար, փորձելու և շտկելու անցյալի սխալները: Հսկա ընկերությունների ղեկավարներ, գիտական և տեխնոլոգիական ոլորտների համայնքների առաջնորդներ, ձեռնարկատերեր, թոշակի անցած գործարար տղամարդիկ և կանայք: Զարմանալի է տեսնել, թե որքան մեծ ներուժ կա աշխարհի տարբեր ծայրերից մեկտեղ հավաքված հայերի մեջ: Ներդրումներ են կատարվել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների, STEM ծրագրերի, սկսնակ ձեռնարկությունների վրա` տնտեսությունը խթանելու համար, միևնույն ժամանակ համոզվելով, որ պետական մրցույթները կատարվում են գրագետ և կոռուպցիայից զերծ:
AMAA-ն նաև ակտիվորեն համագործակցում է բարձր տեխնոլոգիական մի ընկերության հետ` կիրառելու դպրոցական գիտական լաբորատորիաներ` նպատակ ունենալով տաղանդավոր ուսանողներին հնարավորություն ընձեռել համալսարաններում ներգարվվելու համապատասխան ոլորտներում: Գուցե ասեք՝ շատ քիչ է և փոքր-ինչ ուշացած։ Բայց տրամաբանությունն այն է, որ ավելի շատ երիտասարդներ կցանկանան ընտրել՝ մնալու Հայաստանում, եթե նրանց տրվի առաջխաղացման հնարավորություն: Կովկասում տեխնոլոգիական հանգույց դառնալու Հայաստանի երկարատև ձգտումը դեռ թափ է առնում: Մենք պետք է ապագա սերնդին զինենք բոլոր անհրաժեշտ գործիքներով, երբ այդ պահը վերջապես հասունանա:
Պողոս Առաքյալը հռոմեացիներին ասում է, որ «Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»: Գուցե մենք պետք է ավելի հաճախ ինքներս մեզ հիշեցնենք այս հզոր միտքը: Դա նշանակում է, որ ինչ էլ դժոխքը նետի մեզ վրա, որքան էլ դժվարանա կյանքը, և որքան էլ սպասենք՝ ցավից տքնելով, ոչինչ չի կարող իսկապես վնասել մեզ, քանի որ ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց: Բայց նախ մենք պետք է ազատվենք հնից և թողնենք, որ գա և իշխի նորը:
Հենց այդպիսի համարձակ փոփոխություններն են մեզ օգնելու՝ հաղթահարել այսօր գոյություն ունեցող անորոշություններն ու սպառնալից իրողությունները: Դա կլինի այն ժամանակ, երբ մենք ընդունենք սեփական թերությունները՝ որպես մահկանացուներ, և թույլ տանք, որ գերբնականը գա և դրսևորվի մեր էության մեջ: Այն ժամանակ, երբ մենք գիտակցենք, որ Հայաստանի քաղաքակրթության և բարեկեցության մեծագույն սպառնալիքը Արևմուտքի կամ Արևելքի թշնամու մեջ չէ, այլ մեր ներսում է:
Թող Աստված պահպանի հայ զինվորին և հավերժացնի մեր նահատակների հիշատակը:
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ