Արցախի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է. ամենքս անելիք ունենք։ Մեզնից և մեր գործերից է կախված Արցախի վաղվա օրը։ Բազում արհավիրքներից հետո, Արցախը շարունակում է ոտքի կանգնել և ապրել։ Առաջնահերթ է Արցախի համայնքների զարգացումը և սահմանամերձ գյուղերում բնականոն կյանքին վերադառնալու խնդիրը։
AMAA-ն, հետամուտ լինելով այդ առաքելությանը, շարունակում է սահմանամերձ գյուղերում տարբեր ծրագրեր իրականացնել։ Օրերս մեր Արցախի թիմն այցելեց Ասկերանի շրջանի Խնձրիստան և Հովսեփավան գյուղերը։ Տարհանված ընտանիքներին տրամադրվեցին սննդի փաթեթներ, հագուստ, ձմեռային կոշիկներ։ Խնձրիստանի նոր վերանորոգվող մանկապարտեզն ունեցավ խաղալիքներ։ Գյուղի դպրոցի երեխաների համար կազմակերպվեց ժամանցային ծրագիր, որի ավարտին երեխաներն ստացան նվերներ։