Ընթերցողի սեղանին է «Մանուկներու բացատրական աստվածաշունչ» (Կյանքի մեծ հարցումները փոքրիկ ընթերցողների համար) գիրքը: Հեղինակները մանկավարժության ու աստվածաբանության մասնագետներ են, որոնք նաև հովվությունն են անում Շտուտգարտի մանուկների ու պատանիների հիվանդանոցում: Մոտիկից շփվելով ու քաջածանոթ լինելով այդ տարիքի անձանց հարցերին ու փնտրտուքներին՝ նրանք փորձել են դրանց պատասխանները գտնել Սուրբ Գրքում ու մատչելիորեն ներկայացնել նրանց: Որպեսզի այս հույժ կարևոր ձեռնարկը հասանելի լինի նաև հայ մանուկներին ու պատանիներին, Արաբական ծոցի Աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ լույս է տեսել գրքի հայերեն տարբերակը:
Նոյեմբերի 18-ին ԱՀԱԸ Երևանի գրասենյակում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որը բավական ներկայացուցչական էր: Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի բացման ու ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ «Մանուկներու բացատրական աստվածաշունչ» (Կյանքի մեծ հարցումները փոքրիկ ընթերցողների համար) գրքի հայերեն տարբերակի պատրաստման խմբի ղեկավար Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ջեբեջյանը: Նա բացատրեց, թե ինչու են նախաձեռնել այս գրքի թարգմանությունը և թե որքան կարևոր է Սուրբ Գիրքը դեռահասների աշխարհաճանաչության, ինքնաճանաչման, մարդկային հարաբերությունների ձևավորման հարցում: Բոլոր բանախոսները՝ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ եպս. Պետրոսյանը, այդ ընկերության մանկական ծրագրերի պատասխանատու Մարիաննա Ապրեսյանը, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Սփյուռք գիտաուսումնական կենտրոնի տնօրեն բ.գ.դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, նույն բուհի դասախոս բ.գ.թ. դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, ԱՀԱԸ մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը, արևմտահայերենի մասնագետ, սփյուռքյան մամուլի թղթակից Անի Բրդոյանը, իրենց ելույթներում խոսեցին մարդու հոգևոր զարգացման ու ձևավորման գործում քրիստոնեական դաստիարակության որոշիչ դերի, աստվածաշնչային ճշմարտությունների բացատրության, մեկնաբանությունների ու կիրառման խիստ անհրաժեշտության և այն մասին, որ ներկայացված գիրքը ըստ ամենայնի նպաստելու է դրան :
Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն իր խոսքում մասնավորապես նշեց.
«Խիստ ուսանելի պատմութիւնների ընտրութիւնը այս գրքում դաստիարակիչ հեռահար նշանառութիւն ունի։ Բերենք դրանցից մէկը՝ Հռութի եւ նրա եղբայրների՝ Յովնանի ու Յովէլի՝ մօր յորդորով Քրիստոսի հաւաքներից մէկին գնալու հետ կապուած, երբ նրանց հայրը համաձայն չէր։ Պատմողը Հռութն է, մինչդեռ Նոր Կտակարանում Հռութը, Յովնանը եւ Յովէլը բնաւ տեղ չեն գտել, պատմութիւնները բացակայում են, հաւաստում են այս գրքի հեղինակները։ Յիսուսը բարկացել էր նման տարբաժանումի գայթակղութիւնից։ Արժէ, որ երեխաները իրենք մեկնեն Յիսուսի յաջորդող իմաստալից հետեւութիւնը խօսքի վստահութեան մասին. «Բոլորդ մանուկներու նման պիտի լինէք, որպէսզի Աստծոյ թագաւորութիւն մտնէք»։
Քրիստոս ինքն է խօսել երեխաների հետ շփումի առաջնայնութեան մասին»։
Քնարիկ Աբրահամյանը «Մանուկներու բացատրական Աստուածաշունչ» գրքի մասին իր խոսքում հատկապես կարևորեց գրքի մանկավարժական կողմը՝ ընդգծելով երկխոսական բնույթը, որ պահում է գիրքը երեխայի հետ՝ Աստծո խոսքի յուրացումը կապելով առօրյայի ու երեխայի անձնական փորձառության հետ:
«Եթե հոգևոր գիտակցությունը գերակայի մտավոր գիտակցության վրա, ապա մարդիկ կդառնան ազնվախոհ, ազնվասիրտ, բարի, ճշմարտությունը ճանաչող, դրան հետևող ու դրա համար պայքարող: Սա նոր քայլ է Աստծո խոսքը երեխաներին ու պատանիներին հասցնելու ճանապարհին: Աստվածաշնչային մարդկանց կյանքի օրինակը ընթերցողի մեջ կձևավորի ճիշտ բնավորություն և հարկ եղած դեպքում նրանք կասեն այն, ինչ մտածում և զգում են, կներկայանան այնպես, ինչպես կան. չեն ստի, չեն կեղծի, չեն շողոքորթի… » (Ա.Մարդոյան):
«Գիրք մը, որուն էջերուն մէջ մանուկը, պատանին դիւրութեամբ կը քալեն, կը հասկնան իրենց ամբողջին՝ բնութեան, կենդանիներուն, տիեզերքին, մասնիկը ըլլալը, մասնիկ մը, որ ունի իրե՛ն յատուկ կարեւորութիւնը. կը հասկնան սիրոյ, իսկական ընկերութեան անշահախնդիր իմաստը, որ չի ճանչնար քէն, ատելութիւն, նախանձ, գոռոզութիւն, ագահութիւն, առանց որոնց անձը, անկախ տարիքէն, մանուկի պէս մաքուր կ’ըլլայ, որուն Տէրը գրկբաց կ’ընդունի, ինչպէս պատկերով նկարագրուած է գիրքին կողքին վրայ» (Ա.Բրդոյան):
Շնորհանդեսի ավարտին դահլիճում ներկա բոլոր երեխաներին բաժանվեցին գրքեր:
ՀԱԸ մամուլի բաժին
Ընթերցե’ք նաեւ`
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի անդրադարձը
ԱՀԱԸ մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանի ելույթը շնորհանդեսի ժամանակ
Հարգելի՛ բարեկամներ, հնում և ինչու ոչ նաև այսօր ունևոր ընտանիքները հատուկ դաստիարակներ են հրավիրում իրենց տուն, որոնք զբաղվում են երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ:
Գուցե ենթագիտակցաբար, բայց այս կերպով կարևորվում է կրթության ու դաստիարակության միասնության անհրաժեշտությունը, իսկ բարեկրթությունն ու օրինակելի վարքագիծը ձեռք են բերվում դաստիարակություն կոչվող տարողունակ ու տևական գործընթացի միջոցով:
Անշուշտ, երեխայի կյանքում հաջորդող էտապները՝ դպրոցն ու շրջապատը ևս չափազանց կարևոր են ու վճռորոշ: Քանի որ դրանք մշտական ներգործման միջոցով են ազդում նրանց մտքի, կամքի, զգացումների, գեղարվեստական ճաշակի, հոգևոր գիտակցության ձևավորման և դրանց շարունակական զարգացման վրա:
Համաձայնենք, որ մարդը կրթված ու դաստիարակված է, ունի բարոյական բարձր չափանիշներ, եթե ունի հոգևոր զարգացման որոշակի պաշար: Ուրեմն անհատի կերտման գործում անչափ կարևոր է քրիստոնեական դաստիարակությունը, որի օգնությամբ էլ ձևավորվում է քրիստոնեկան գիտակցություն, իսկ հետագայում քրիստոնեական աշխարհայացք:
Եթե քրիստոնեական գիտակցությունը գերակայի մտավոր գիտակցության վրա, ապա երեխան, պատանին և երիտասարդը կդառնան ազնվախոհ, ազնվասիրտ, բարի, ճշմարտությունը ճանաչող, ճշմարտությանը հետևող և ճշմարտության համար պայքարող:
Քրիստոնեական դաստիարակությունը տևական գործընթաց է… ամբողջ կյանքի համար, որի զուգակցումը ընտանեկան և հասարակական դաստիարակության հետ կստեղծի մարդկանց սքանչելի սերունդ:
Նման դաստիարակության արդյունքում է, որ մարդիկ ճանաչում են իրենց թերությունները, առավելությունները, թույլ և ուժեղ կողմերը, և հեռու մնում սնապարծությունից:
Ամենայն հավանականությամբ հենց այս գիտակցումով էլ մի խումբ նվիրյալներ նախաձեռնել են «Մանուկներու Բացատրական Աստուածաշունչ» (Կյանքի մեծ հարցումներ փոքրիկ ընթերցողների համար) արևմտահայերեն գրքի հրատարակումը:
Սա նոր քայլ է Աստծո խոսքը երեխաներին և պատանիներին հասցնելու ճանապարհին:
Գիրքն ընթերցելիս նկատում ես, որ Քրիստոնյա հեղինակներն ու խմբագիրները, հայերեն տարբերակն ստեղծողները ներդրել են իրենց ողջ փորձառությունը, որպեսզի գրքի լեզուն լինի պարզ ու հասկանալի:
Գիրքն աչքի է ընկնում վառ, գեղեցիկ պատկերներով, որոնք կուրախացնեն և կգրավեն երեխաներին: Նայելով այդ նկարները՝ երեխան կիմանա՝ ինչի մասին է խոսքը, պատկերները ընթերցանությունը կդարձնեն հաճելի զբաղմունք, որի միջոցով Աստվածաշունչը կխոսի երեխաների հետ, կարձագանքի նրանց հարցերին, հաստատուն տեղ կգտնի նրանց սրտերում և նրանք կիմանան Աստվածաշնչյան այն երեխաների ու մարդկանց մասին, որոնք իրենց կյանքի բոլոր օրերը վստահել են Աստծուն:
Այդ մարդկանց կյանքի օրինակը, նրանց առավելություններն ու ուժեղ կողմերն իմանալը ընթեցողի մեջ կձևավորի ճիշտ բնավորություն և հարկ եղած դեպքում նրանք կասեն այն ինչ մտածում և զգում են, իրենց կներկայացնեն այնպես ինչպես կան… չեն ստի, չեն կեղծի, չեն շողոքորթի… կլինեն քրիստոնեական բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք, և ոչ միայն…
Նրանք մանկական պատկերավոր Աստվածաշնչի և հոգևոր գրականության միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն աշխարհի ստեղծման աստվածային մոդելի հանդեպ:
Ընթերցողներն աստիճանաբար կհամոզվեն, որ Աստվածաշունչը բնության, կենդանական աշխարհի և մարդու ստեղծման պատմության միակ, հիմնական ու ճշգրիտ սկզբնաղբյուրն է: Իսկ Ծննդոց գիրքը նրանց կծանոթացնի այն ամենին ինչ գոյություն ունի. բնություն, կենդանական աշխարհ, մարդ, կյանք, մահ, սեր, ամուսնություն, ընտանիք, լեզուներ, բարի, չար… և, որ ամենակարևորն է. ԱՍՏՎԱԾ Է ԱՐԱՐԻՉԸ: ՍԿԻԶԲԸ ԲԱՆ ՄԸ ՉԿԱՐ… ՄԻԱՅՆ ԱՍՏՈՒԱԾ ԿԱՐ ԵՎ ԱՆ ՍՏԵՂԾԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ…. Հետևաբար Ամեն ինչի գոյությունը պատճառաբանված է ԱՍՏԾՈ գոյությամբ, իսկ ԱՍՏԾՈ գոյությունը պատճառաբանված է հենց իրենով… ՈՐՈՎԵՏԵՎ ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է ՍԿԻԶԲԸ ԱՄԵՆ ԲԱՆԻ:
Վստահ եմ, որ գիրքը օգտակար կլինի, ոչ միայն երեխաներին այլև կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին, որպես յուրօրինակ դասագիրք: