Հիսուսը իմ կյանքում
Այս ուրախությունը անհնար է փնտրել ու գտնել կյանքում, ընկերների, հարստության, իշխանության մեջ կամ ընտանիքում: Դրա իմաստն այն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ եւ ազատագրեց մարդկությանը արատների եւ մեղքի կապանքներից: Այս ուրախությունը վայելում ենք այն դեպքում, երբ անցնում ենք փորձություններով ու դժվարություններով: Այդ ժամանակ է, որ հասկանում ենք կատարյալ մարդու եւ կատարյալ Աստծու`Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նշանակությունը: Նա հայտնվեց պատմության կիզակետում, վերափոխեց հասարակության զարգացման ընթացքը եւ այն մարդկանց կյանքը, ովքեր վստահեցին Իրեն ու սկսեցին ապրել Նրա հետ եւ Նրա համար:
Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը ուրախության եւ խաղաղության ավետիս է ամբողջ աշխարհի համար:
«Ես ուզում եմ, որ Հիսուսը միշտ լինի իմ եւ աշխարհի բոլոր երեխաների կյանքում» — այս խորագիրն էր կրում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կազմակերպած Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանդեսը, որ հունվարի 12-13-ը ներկայացվեց Բաղրամյան 18-ի դահլիճում: Ավետարանչականի եւ Եկեղեցու «Հայասա» թատերախումբը (ղեկավար՝ Նունե Աբրահամյան) այս անգամ փոքրիկ հանդիսատեսի դատին էր ներկայացրել «Գիշերային իրարանցում» ներկայացումը: Այն դիտեցին շուրջ 2000 երեխաներ:
Պիեսը մի ժլատ, ինքնահավան, ծույլ կառավարչի մասին է, որը Սուրբ Ծնունդը միայն նվերներ ստանալու եւ բաժանելու առիթ է համարում: Եվ Սուրբ Ծննդյան գիշերը, հերթական նվերներն իր ընտրողներին բաժանելուց հետո, վերադառնում է տուն եւ ինքնագոհ տեսքով աղախնին ասում, որ ինքը նորից կվերընտրվի նույն պաշտոնում եւ կշարունակի վայելել կյանքը:
Սակայն կեսգիշերին երազում նրան արթնացնում են գետնի տակից հայտնված ինչ-որ էակներ, որոնք, պարզվում է, կառավարչի արատներն են. ժլատությունը, կեղծիքը, սուտը, կռիվը, բամբասանքը, չարուկը… Նրանք հայտնվել են, որպեսզի բոլորը միասին խափանեն երեխաների համար նախատեսված Սուրբ Ծննդի ծրագիրը:
Կառավարիչը արատներին տեղեկացնում է, որ քաղաքի աղքատ թաղամասում, որտեղ մարդիկ համարյա ոչինչ չունեն ուտելու, սրտով ուրախ են եւ գոհ: Որպես օրինակ` պատմում է մի աղքատ ընտանիքի մասին, որը որդեգրել է մի աղջկա՝ Էլենին, որին մեծացնելուն օգնում է ամբողջ թաղամասը, եւ աղջիկը դարձել է բոլորի սիրելին:
Արատները որոշում են գողանալ Էլենին եւ խափանել մարդկանց ուրախությունը:
Արատներից Չարուկը, որը ծնվել էր Հիսուսի Ծննդյան գիշերը, պատահմամբ լսում է Հիսուսի մասին, իմանում, թե ով է Նա, եւ հասկանում, որ Հիսուսը մարդկանց շնորհում է սեր, ուրախություն ու խաղաղություն: «Սա այն է, ինչ պակասում է իրեն եւ կառավարչին»,- մտածում է Չարուկը եւ որոշում մի լավ գործ անել` փրկել փոքրիկ Էլենին, որին արդեն գողացել են մյուս արատները: Նա այդպես էլ անում է, աղջկան ազատում է չարագործների ձեռքից:
Երբ բեմի վրա վառվում է Բեթղեհեմի աստղը, բոլոր արատները հալվում են ու չքանում, իսկ Չարուկը վերածվում է գեղեցիկ տղայի եւ դառնում Էլենի լավագույն ընկերը:
Կառավարիչը, առավոտյան արթնանալով, հասկանում է, որ այս ամենը երազ էր: Բայց հանկարծ գետնին տեսնում է ժլատի գլխարկը, եւ…այդ չար ու ժլատ մարդը նույնպես որոշում է փոխվել ու մի մեծ տուփ է նվիրում աղախնին: Անեթը, իհարկե, շատ է զարմանում եւ ասում է, որ երեկոյան տուն գնալիս գումար չուներ մոր եւ քույրերի համար նվերներ գնելու, բայց երբ ամբողջ ընտանիքով հավաքվել են տոնական սեղանի շուրջ, ինքը հասկացել է, որ կարեւորը նվերի առկայությունը չէ, այլ ուրախ սիրտն ու մարդկանց օգնելու եւ ուրախացնելու պատրաստակամությունը: Իսկ դա երկնային պարգեւ է, որը տրվում է Հիսուս Քրիստոսի միջոցով:
Այսպես փոխվում է կառավարիչը, փոխվում է Չարուկը, իսկ մյուս արատները, որոնք չեն ուզում փոխվել, հալվում են ու անէանում: Իրականում էլ է այդպես. նրանք, ովքեր կճանաչեն Հիսուսին, կճանաչեն իրենք իրենց եւ Աստծու օգնությամբ կստանան նոր կյանք, նրանց առջեւ կբացվեն նոր հորիզոններ:
Ներկայացմանը, բացի «Հայասա» թատերախմբից, մասնակցում էին նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ:
Ինչպես բոլոր Ամանորյա հեքիաթների ավարտին, այնպես էլ այստեղ վերջում բեմում էին հայտնվում Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանք, իհարկե, դատարկաձեռն չէին եկել. բերել էին նվերներ, սեր, բարեմաղթանք ու ժպիտներ:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ներկայացումը դիտող բոլոր երեխաները տուն էին վերադառնում նվերներով:
ԱՀԱԸ Մամուլի բաժին