АМАА-ի Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 175-ամյա գործունեության ընթացքում ազգին մատուցվել եւ շարունակում են մատուցվել մնայուն եւ կարեւոր ծառայություններ կրոնական, ազգային, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում:

Գիտակցելով, որ կրթությունը յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, ժողովրդի ներուժի բացահայտման եւ զարգացման գլխավոր նախադրյալն է, հայ ավետարանականությունն իր կազմավորումից անմիջապես հետո ձեւավորեց մտավոր ու հոգեւոր լուսավորության այնպիսի բարենպաստ ժամանակաշրջան, որը հայկական կրթության ոլորտում աչքի ընկավ աննախադեպ ձեռքբերումներով:

Մասնավորապես, Արեւմտյան Հայաստանում՝ Կ.Պոլսում, Կիլիկիայում եւ այլուր գործել են իրենց հիմնած կրթական հաստատությունները, ինչպիսիք են նախակրթարաններ, երկրորդական վարժարաններ, քոլեջներ, աստվածաբանական ճեմարաններ, աղջիկների համար նախատեսված տասնյակ ուսումնական հաստատություններ։

Այսօր էլ կրթության ոլորտը շարունակում է լինել Հայ Ավետարանական եկեղեցու հոգածության առարկան: Կրթական հաստատությունները Սփյուռքի նոր սերունդներին մատուցել են գնահատելի ծառայություն: Այժմ հայ ավետարանական կրթական հաստատություններ՝ նախակրթարանից մինչեւ քոլեջ, գործում են Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ում, Հունաստանում եւ Իրանում:

Այս շարքում, անշուշտ, առանձնանում է Բեյրութի Հայկազյան համալսարանը, որը եւս ստեղծել ու ղեկավարում են հայ ավետարանականները եւ համարվում է Սփյուռքի միակ հայկական համալսարանը:

 

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի մամուլի բաժին

Pin It on Pinterest