AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան:
Համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ոչ պետական դպրոցների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ոչ պետական դպրոցները հանրակրթության համակարգի թեեւ ոչ մեծ, սակայն շատ կարեւոր հատվածն են:
«Ոչ պետական դպրոցներում մենք հաճախ տեսնում ենք մանկավարժական նորարարության, այլընտրանքային կրթական ծրագրերի հիանալի օրինակներ, որոնք՝ որպես ձեւավորված փորձ, պետք է ծառայեն պետական դպրոցներում փոփոխություններ կատարելու եւ զարգացում ապահովելու նպատակով: Այս առումով, կարծում եմ, ունենք դրական համագործակցության փորձ եւ ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորություն»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից տարբեր օրենսդրական եւ ռազմավարական փաստաթղթերի առնչությամբ ներկայացվել են մասնագիտական դիտարկումներ, որոնք շատ կարեւոր են ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:
«Նախարարությունը կարեւորում է երկխոսությունը ոչ պետական դպրոցների հետ ոչ միայն ժողովների եւ քննարկումների, այլեւ ինստիտուցիոնալ ձեւաչափով: Մենք հետեւողական ենք լինելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում` փաստելով հանրակրթության ոլորտի պետական քաղաքականության միասնականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու աջակցության եւ համագործակցության առաջարկներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը որպես համագործակցության առաջարկություն նշել է, որ անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան կարող է մասնակցություն ունենալ դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացին` ապահովելով իրավական դաշտի պահանջները, ինչպես նաեւ ներկայացնել պետական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծել է՝ ոչ պետական դպրոցների ներկայացուցիչների քննարկումները հատկապես օրենսդիր մարմնի հետ արդյունավետ եւ նպատակային են եղել:
«Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2023 թվականից ոչ պետական դպրոցների կրտսեր դասարանների աշակերտները պետության կողմից կստանան անվճար դասագրքեր: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության քննարկումների ժամանակ ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը նույնպես ընդունվել է»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծում ներառված ԱԱՀ հարկման դրույթը չեղարկվեց, որը, ինչպես նշել են ոչ պետական դպրոցների ներկայացուցիչները, չափազանց կարեւոր էր իրենց հետագա գործունեության համար:
Համաժողովի ընթացքում «Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գեւորգյանը ներկայացրել է 2021 թ.-ին ասոցիացիայի կատարած աշխատանքների արդյունքները, իսկ փոխնախագահ Մարիա Խախամյանն անդրադարձել է 2022 թ.-ի գործողությունների պլանին:
«Մեկ ձայն» ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը ներկայացրել է ասոցիացիային անդամագրվելու հնարավորությունները եւ նպատակները` նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կտա միավորելու ռեսուրսները եւ մի շարք հարցերի համար գտնելու արդյունավետ լուծումներ: