AMAA Armenia-ի Վանաձորի գրասենյակում ենք: Առաջին հարկում մանկան ուրախ, աշխույժ ձայներ են. «Փոքրիկ արեւներ» մանկական խմբի սաներն են: Նրանք վառվռուն ու բոցկլտացող աչքերով, աշխուժորեն պատասխանում են մասնագետների հարցերին, խաղեր խաղում, արագ յուրացնում նոր նյութն ու ափսոսում, որ տուն գնալու ժամն է մոտենում: Նրանցից յուրաքանչյուրը մի փոքրիկ արեւ է, որ շուրջը լույս է սփռում, որ պիտի մեծանա ու այստեղ ստացած սերն ու ջերմությունը կրկնապատկած, եռապատկած տա իր շրջապատին:

Խմբում ընդգրկվելու համար ամեն տարի մեծ հերթ է գոյանում. օջախն առայժմ կարողանում է ծառայություն մատուցել վանաձորցի 50 փոքրիկի՝ կազմակերպելով նրանց մտավոր, ֆիզիկական զարգացման, ուսուցման, դաստիարակության, սնվելու գործընթացը, որը ուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, այլ կերպ ասած՝ տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը: Ասում են՝ թաղամասի դպրոցներն անհամբեր սպասում են, թե իրենցից հատկապես ում բախտը կբերի փոքրիկ արեւներին՝ որպես աշակերտ ունենալու համար:

«Փոքրիկ արեւներ»-ի դասացուցակում տարբեր առարկաներ են՝ մայրենի, մաթեմատիկա, կերպարվեստ, անգլերեն, ռուսերեն, շրջակա աշխարհի ուսումնասիրություն եւ այլն, մեթոդներում ու միջոցներում էլ՝ զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային ու երաժշտական տեսանյութեր, տպագիր եւ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ եւ այլ ուսումնական նյութեր: Սակայն այս ամենի մեջ ընդգծված է հայրենագիտության եւ հայրենասիրության սերմանումը, որի ուղղությամբ բոլոր մասնագետների ջանքերը միահամուռ են:

Գաբրիելան «Փոքրիկ արեւներ» խմբի սաներից է եղել: Այստեղ ստացած սերը, ջերմությունն ու կրթական մոտեցումները նրան դարձյալ AMAA Armenia են բերել, եւ հիմա էլ ցերեկային կենտրոն է հաճախում: Ինչպես աղջնակի տատիկն է ասում, այստեղ ամեն ինչ անում են, որ երեխան իր տարիքին համապատասխան զարգանա, ինքնասպասարկվի ու կյանքի հմտություններ ունենա:

Սաների համար այստեղ անցկացրած բոլոր օրերն ու պարապմունքներն են հիշարժան՝ մարմնակրթությունից մինչեւ ընկերների տարեդարձները: Եվ ամեն բացվող մի նոր օր AMAA Armenia-ն երեխաներին զարգանալու, ավելի լայն մտածելու հնարավորություն է տալիս, որ նրանք շողան, շողարձակեն ու լուսավորեն իրենց շուրջը. չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը մի փոքրիկ արեւ է:

 

Մարուսյա Բալայան
AMAA-ի Ստեփանավանի «Շող» կենտրոնի համակարգող

Pin It on Pinterest