Վերջերս AMAA-ի Վանաձորի «Շող» կենտրոնը վերանվանվեց Սարգիս եւ Հայկուհի Մարանջյանների անունով:

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը կազմակերպեց հուշատախտակի բացման արարողություն՝ որպես երախտագիտության արտահայտություն, Տորոնտոյում բնակվող Կանադայի Հայ Ավետարանչական ընկերակցության անդամներ՝ բարերար Սարգիս եւ Հայկուհի Մարանջյաններին:

Սարգիս Մարանջյանը նաեւ Կանադայի Ավետարանչականի վարչական խորհրդի անդամ է։ Հուշատախտակի բացումը տեղի ունեցավ 2022 թ. մարտի 30-ին, Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնում։

AMAA-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ողջունեց միջոցառման ներկաներին, հյուրերին, ծնողներին եւ կենտրոնի երեխաներին՝ իր երախտագիտությունը հայտնելով Մարանջյաններին, որոնց առատաձեռնության շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստանում են նյութական աջակցություն, ինչպես նաեւ կրթական, սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ։

Երեխաները գունավոր ժապավեններով ֆլեշմոբ իրականացրին՝ ներկայացնելով «Շող» կենտրոնի շնորհիվ կյանք առած վառ գույները․ ընկերություն, պատասխանատվություն, ազնվություն եւ մարդկային այլ վեհ հատկանիշներ։

Վանաձորի «Շող» կենտրոնի համակարգող Իրինա Չախոյանը երեխաների եւ ծնողների անունից խորին շնորհակալություն հայտնեց բարերարներին, երեխաների կյանքում Մարանջյան «Շող» կենտրոնի թողած անհավատալի դրական ազդեցության համար։

Միջոցառման մասնակիցները վրձնահարվածներով ներկեցին դատարկ թվացող մի կտավ, որտեղ վերջում հայտնվեց Մարանջյանների դիմանկարի ուրվագիծը։

Pin It on Pinterest