Ամենից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետեւ սերը ծածկում է մեղքերի շատությունը: Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու:

Ա.Պետ. 4. 8-9

Զավեն Խանջյան, Ավետարանչականի գործադիր տնօրեն

Նախորդ մի քանի դարերի գիտատեխնիկական առաջընթացն ու արդյունաբերական հեղաշրջումներն այնպիսի ազդեցություն են թողել մեր մոլորակի վրա, որն անհամեմատելի է հավերժական ժամանակի հետ՝ կյանքի ծնունդից ի վեր: Մեր ապրելու, վարքագծի, հարաբերությունների եւ աշխատաոճի այս զարմանահրաշ փոխակերպումները վերջին մի քանի տասնամյակներում այնպիսի արագությամբ են ընթանում, որ դժվար է պատկերացնել, թե ինչ է բերելու ոչ այնքան հեռավոր ապագան:

Իհարկե, սովորական քաղաքացիների տեսածն ու ապրածը խիստ սահմանափակ է, եւ շատ բան դուրս է մեր իմացությունից ու երեւակայությունից: Այդ փոփոխությունների մի մասը բարի է, որն իր արժեքով արծաթե սկուտեղի վրա հրամցվում է սպառող հասարակությանը: Սարսափեցնողն այն է, որ տեխնիկական նվաճումները կիրառվում են ավերիչ զենք արտադրելու եւ կուտակելու համար՝ «պաշտպանություն» կախարդական բառի շահարկումով:

Նույնիսկ տիեզերքն են զինում՝ տիրելու համար Աստծո ստեղծած այս հրաշք մոլորակին: Գրավիչ բան է «ինքնապաշտպանություն» ասվածը, սակայն յուրաքանչյուր ինքնապաշտպանություն դիմացինի կողմից ընկալվում է որպես թշնամություն եւ հարձակողական նախապատրաստություն: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ աղքատությունն ու սովը, հիվանդությունն ու անարդարությունը մոլեգնում են աշխարհում:

Մտքերի այս հորձանքը մոլորակի մարդկության այսօրվա վիճակի բնական հետեւանքն է. Ուկրաինա եւ Ռուսաստան, Եվրոպա եւ ԱՄՆ, Հայաստան, Արցախ ու Ադրբեջան: Իսկ Մերձավոր Արեւելքը միշտ է եղել այդպիսի ճգնաժամերի հարթակ:

Տիեզերական տառապանքի այս շփոթմունքի մեջ որտե՞ղ ենք կանգնած:

Վերջերս վիրահատությունից հետո անհավանական աջակցություն եւ աղոթքների վիթխարի ալիք ստացա: Արձագանք էի ստանում աշխարհի բոլոր անկյուններից: Ես իսկապես պարտավորված եմ զգում ինչպես անխառն սիրով ու բարեմաղթանքներով արտահայտված զգացմունքներրի, այնպես էլ աղոթքների համար, որոնք ուղղված էին Գերագույն Բուժողին:

Ճիշտ է, դրանք անձամբ ինձ են ուղղված, բայց իրականում ինձ չեն պատկանում, այլ արտացոլում են Ավետարանչականի բարի անունն ու համբավը, երբ նա ընդլայնում է իր ծառայությունները երկրագնդի շուրջ։ Այդ երկրների ցանկում վերջինը Ուկրաինան է, որի հայ համայնքի անդամները հայտնի դեպքերի պատճառով ապաստանել են Արեւելյան Եվրոպայում կամ վերադարձել են Հայաստան։

AMAA News-ի ներկա համարը նվիրված է մեր առաքելության գործընկերներին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության Կանադայի եւ Ավստրալիայի մասնաճյուղերին. բերված պատմությունները պերճախոս կերպով ներկայացնում են մեր այս երկու գործընկերների կառուցողական դերը: Նրանք տեւական ժամանակ է, ինչ կրում են առաքելության անմնացորդ եւ անսասան աջակցության պսակը:

Մինչ աշխարհի հսկաները զբաղված են «պաշտպանության» քողի ներքո տիեզերքը զինելով ու դավադրություններ նյութելով, Ավետարանչականը երկրագնդի տարբեր կետերում կառուցում է, կրթում, ապաստան տալիս, կերակրում ու հագցնում: Ձեռք ձեռքի տված Սիդնեյի, Մոնրեալի ու Տորոնտոյի հետ՝ նա հասնում է Բեյրութից Բրյուսել, Հալեպից Ասկերան, Ստեփանակերտից Սոֆիա:

Ավետարանչականի համաշխարհային առաքելության առանցքը ջերմեռանդ սերն է:

Շնորհակալ եմ ձեր աջակցության համար:

Մայիս 15, 2022 թ.
Գլենդեյլ, Կալիֆոռնիա

Pin It on Pinterest