Վիրաբյանների բազմազավակ ընտանիքը տեղահանվել է Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղից։ Ընտանիքի հայրը զինվորական է։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից, մինչեւ վերջին օրը եղել է դիրքերում:
Տան իրերից շատ բան չեն կարողացել վերցնել իրենց հետ, սակայն չեն մոռացել ընտանիքի անդամ դարձած շանը՝ Քոթոթին, եւ բերել են իրենց հետ։
Չարաբաստիկ պատերազմի արդյունքում կորցնելով տարիների իրենց ստեղծածը՝ տունը, տնտեսությունը, բազմազավակ ընտանիքը չվհատվեց եւ նոր կյանք սկսեց Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում:
Ընտանիքի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծեցինք փոքրիկ տնտեսություն: AMAA-ի ֆինանսական աջակցությամբ Վիրաբյանները գնեցին հղի կով։ Այժմ ընտանիքն ունի կով եւ ցլիկ: Երեխաներն առավոտյան թարմ կաթ են խմում, մայրիկը մածուն է մերում, պանիր սարքում:
Ընտանիքը զբաղվում է նաեւ մեղվաբուծությամբ, ավելացել է փեթակների քանակը: AMAA-ն շարունակում է Վիրաբյանների ընտանիքի հետ զարգացման ծրագրերը՝ օգնելով եւ խրախուսելով նրանց նոր ձեռբերումներ ունենալ Նոր Կյանք գյուղում: