Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Ստեփանավանի համայնքի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցութան (AMAA) աշխատակիցների համար կրկնակի տոն էր: ՀԱԵ 175-ամյակը տոնելու համար աշխարհի տարբեր ծագերից Հայաստան ժամանած բարերարներն ու հյուրերը, ինչպես նաեւ ՀԱԵ տարբեր համայնքների հոգեւոր հովիվները հուլիսի 3-ին այստեղ էին`AMAA- գրասենյակի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
Տանտերերը հյուրերին դիմավորեցին աղուհացով, ապա ելույթ ունեցավ ԱՀԱԸ Ստեփանավանի մասնաճյուղի պարախումբը:
Ներկաներին ողջունեց AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Նա մասնավորապես ասաց.
«Տալը սիրո նշան է, կամավոր կերպով, սիրով տալը, որի վարձատրությունը ուրախություն է, երջանկություն: Տալը պետք է լինի լուռ, առանց թմբուկի՝ Աստված օրհներգելով, Աստվա՛ծ փառավորելով եւ ոչ թե մարդը: Տալու ուրախությունը Աստծո գործի քաջալերանքն է, Ավետարանչականի միջոցով կատարված Աստծո գործը քաջալերելն է: Նվիրատուները միշտ ասել են, որ «մեր սրտի փափագն է Աստված փառավորելը»: Այս գեղեցիկ շենքը, որ այսօր նվիրում եւ անվանակոչում ենք, պետք է ծառայի մանուկների, երիտասարդների եւ չափահասների համար: Այս գրասենյակը մանուկներին պիտի առաջնորդի դեպի Աստված»:
Պարոն Խանջյանը նաեւ փոխանցեց նվիրատուի խոսքը. «Ես հպարտ եմ իմ հայկական ծագումով, իմ արմատներով եւ գիտակցում եմ, որ իմ նախահայրերս շատ հայերի պես անցան դժվարին ճանապարհներով, եւ մենք ուրախ ենք, որ հանուն նրանց հիշատակի՝ անում ենք այս նվիրատվությունը»:
AMAA-ի նախագահ Նազարեթ Դարակջյանն իր խոսքն սկսեց Սաղմոս 127-ով՝ «Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները»: Եվ շարունակեց. «Աստված այս գեղեցիկ առավոտը մեզ պարգեւեց, եւ մենք առիթ ունենք երկար սպասումից հետո այցելելու Ստեփանավան ու մեր աչքերով տեսնելու այն շենքը, որ երկար ժամանակ երազել ու ծրագրել էինք: Այսօր մենք նվիրաբերում ենք այս շենքը Աստուծո փառքի համար, եւ մեր աղոթքն է, որ այս կենտրոնը լինի փարոս եւ հրավիրի Աստուծո բոլոր զավակներին, որ իրեն մոտենան, սովորեն իրար սիրել, ինչպես որ Աստված սիրեց ամբողջ աշխարհը, մինչեւ որ իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ոք, որ անոր հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա:
ԱՀԱԸ կողմե կուզեմ այսօր շնորհավորել Ստեփանավան քաղաքի ժողովուրդը՝ այս գեղեցիկ կառույցին համար: Թող աստված այս կեդրոնը օրհնություն մը ընե այս քաղաքին համար: Շնորհակալություն այն բոլոր նվիրատուներուն եւ ի մասնավորի Grille Foundation-ին, որ իրենց նվերներով կարելի ըրին այս ծրագրին հաջողությունը:
Շնորհակալություն նաեւ բոլոր անոնց, որոնք քրտնաջան աշխատեցան այս ծրագրին հաջողության համար, ինչպես պրն. Հրաչ Սարգիսին, Զավեն Խանջյանին, Հարութ Ներսեսսյանին, Արեն Դեյիրմենջյանին: Այսօր ուրախ օր է Ստեփանավանի մեջ եւ կմաղթեմ, որ ձեր բոլոր օրերը ըլլան ուրախ եւ պայծառ»:
Այնուհետեւ պարոնայք Զավեն Խանջյանն ու Նազարեթ Դարակջյանն իրենց կողակիցների՝ Սոնա Խանջյանի եւ Անի Դարակջյանի հետ կտրեցին մուտքի ժապավենը եւ բոլորի հետ միասին շրջայց կատարեցին նոր գրասենյակի շենքում:
Նոր գրասենյակի կառուցման հովանավորներն են Փիթեր եւ Մոնիկ Թորինգթոններն ու իրենց ընտանիքը՝ ԱՄՆ-ից: Այդ մասին վկայող ցուցանակում, որի բացումը եւս կատարվեց նույն օրը, արձանագրված էր. «Խոնարհ երախտագիտությամբ առ Աստված՝ Իր անսասան սիրո եւ անսահման օրհնությունների համար, մենք հպարտությամբ ընդունում ենք մեր հայկական ժառանգությունը եւ այս կենտրոնը նվիրում ենք մեր նախապապերի՝ Մարդիրոս եւ Աղավնի Նիգոհոսյանների, մեր պապերի՝ Արմենագ եւ Մաթիլդա Օհանյանների եւ մեր ծնողների՝ Ժիրայր եւ Արսինե Սուսմայանների հիշատակին»:
Գրասենյակի շենքի բացումից հետո ՀԱԵ Ստեփանավանի եկեղեցում տեղի ունեցավ ՀԱԵ 175-ամյակին նվիրված «Անխախտ պահենք մեր հավատքը» փառաբանության պաշտամունք:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին