Վեր. Ա. Շիրաճեան հանգիստ վայրկեան ունեցած չէ իր բոլոր կեանքին միջոցին: Անոր գործելու փափաքը, կորովը, ոյժը մնաց անսպառ, խանդը՝ միշտ վառ, յոյսը՝ անմար, հաւատքը՝ անխախտ, կամքը՝ անպարտելի, հակառակ ծանր տառապանքներու եւ նեղութիւններու:
Վեր. Տ. Խրլոբեան
Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի «ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ» խորագրով հոբելյանական հանդիսությունների շրջանակներում հուլիսի 7-ին ժամը 16-ին եւ 19-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց «Հայրիկը» բեմադրությունը, որը պատրաստել էր Հայ Ավետարանչական ընկերակցության եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախումբը (բեմադրիչ, թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Նունե Աբրահամյան): Ներկայացումը նվիրված էր Ցեղասպանության տարիներին հայ մանուկների փրկության համար մեծ ջանքեր ներդրած ավետարանական գործիչ Ահարոն Շիրաջյանի (1867-1939) հիշատակին:
Բեմադրության «Հայրիկը» վերնագիրը շատ խոսուն է ու չափազանց բնորոշ վերապատվելի Ահարոն Շիրաջյանին: Որբ ու անապաստան երեխաների շրջանում նա այդ անունով էր հայտնի: Հայրիկ, բարերար, որի համար կյանքի խնդիր էր դարձել հայ որբուկներին ոչ միայն եղեռնի սարսափներից փրկելը, այլեւ հոգ տանելը, որ նրանց ապագան նույնպես ապահովված լինի: Օգտագործելով իր ազդեցիկ կապերը՝ նա ոչ միայն որբանոց հիմնեց Հալեպ գաղթած հազարավոր մանուկների համար, այլեւ, լինելով հեռատես ու խորաթափանց մարդ, ըստ ամենայնի հոգում էր, որ նրանք հայեցի կրթություն ու դաստիարակություն ստանան, արհեստներ սովորեն եւ չմոռանան իրենց արմատների մասին: Բավական է նշել միայն Շիրաջյանի հիմնած որբանոցի նշանաբանը. «Որբերը համեստ եւ օգտակար հայեր ըլլալու պատրաստել՝ սորվեցնելով նաեւ քրիստոնեական կյանք եւ բարոյականություն»:
Վեր. Շիրաջյանի կերպարը կերտել էր Սմբատ Ստեփանյանը, որն ավելի քան 10 տարի է՝ «Հայասա» թատերախմբում է եւ այսօր արդեն բեմ էր բարձրացել իր որդու հետ: Նրա եւ Տուտու մայրիկի դերակատար Կարինե Ջանջուղազյանի կերպավորումներն այնքան հավաստի էին, որ հանդիսատեսին տեղափոխել էին անցյալ դարասկիզբ, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայ որբուկները, ի դեմս այս երկու անձանց, գտել էին հոգատար հայրիկ ու մայրիկ, վերստին զգացել ընտանիք ունենալու քաղցրությունը եւ փրկվել ոչ միայն ֆիզիկապես:
«Հայասա» թատերախմբի ստեղծագործական կազմը պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից հանդիսատեսին փոխանցեց ոչ միայն վեր. Ահարոն Շիրաջյանի կյանքից դրվագներ, այլեւ պատգամ այսօրվա՛ համար. «Թող հայուն բեկորները փողոցը չմեռնին»,- պատվելին հաճախ էր կրկնում այս խոսքերը։ Թող չմեռնին… թող ապրին… Հայը պե՛տք է ապրի, հայը պարտավո՛ր է ապրել»։
Ներկայացման ավարտին Հարութ Ներսեսսյանը շնորհակալական խոսք ուղղեց թատերախբին, բեմադրիչ Նունե Աբրահամյանին… Ներկաները դիտեցին վեր. Ա. Շիրաջյանի դուստր Արանուշ Շիրաջյանի եւ թոռնուհի Ջոյ Շիրաջյանի շնորհակալական տեսաուղերձները:
Այնուհետեւ բեմ բարձրացավ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Խոսելով այն մասին, թե անցյալ դարասկզբին որբախնամ հաստատություններն ինչ փրկարար դեր են ունեցել ցեղասպանությունից մազապուրծ հայերի կյանքում՝ նա անդրադարձավ վերապատվելի Ահարոն Շիրաջյանին ու ընդգծեց. «Այսօր արժե, որ մենք արձագանքենք անոր կյանքը, ճանչնանք զինք, որովհետեւ որտեղ վեր. Ա. Շիրաջյանն է, այնտեղ են Ավետարանական եկեղեցին ու Ավետարանչականը»: Պարոն Խանջյանը շատ բարձր գնահատեց ԱՀԱԸ «Հայասա» թատերախմբի խաղը, նշեց, որ խմբի ղեկավար ու բեմադրիչ Նունե Աբրահամյանի բարձր ճաշակի ու արհեստավարժության շնորհիվ «մենք վայելեցինք այս թատերգությունը եւ այս կյանքը՝ արցունքներով»: Զավեն Խանջյանը, որպես Հալեպում ծնված ու մեծացած մարդ, վկայեց, որ «բոլոր հալեպցիները լավ կճանչնան այս հերոսները՝ Ահարոն Շիրաջյան, դոկտ Ալթունյան եւ իր աղջիկը, իսկ վերջիններու հիմնած հիվանդանոցը, թեեւ հիմա չկա, բայց հալեպահայության համար այդ դժվարին օրերին այլ բարեգործական կազմակերպությունների հետ եղել է փարոս հայ որբերու համար»: ԱՀԱԸ գործադիր տնօրենը խոսքն ավարտեց ներկայացման մեջ մանուկների հնչեցրած աղոթքով.
«Հիմա որ ես պառկիմ պիտի, Հիսո՛ւս, աղոթք ընեմ քեզի, բոլոր մեղքերս Տե՛ր, ներե՛ եւ այս գիշեր զիս պահպանե՛: Թե որ նորեն ես չարթնանամ, շնորհեա՛, ո՛վ տեր, որ քովդ գամ»:
Հանդիսատեսի համար հաճելի անակնկալ էր բեմադրությանը ներկա վեր. Ահարոն Շիրաջյանի թոռան՝ Ջոն Շիրաջյանի եւ նրա կնոջ՝ Ալին Շիրաջյանի ներկայությունը: Տիկին Ալինը, փոխանցելով ամուսնու սրտի խոսքը, մասնավորապես ասաց. «Յարգելի Ներկաներ, այսօր կրկնակի յուզուած եմ, հպարտ եմ, ուրախ եմ եւ մանաւանդ երախատապարտ եմ որ հայրենի հողիս վրայ ներկայ կը գտնուիմ ﬔծ հօրս կեանքին նուիրուած թատերական ներկայացուﬕն։ Իմ երախտագիտութիւնը կը յայտնեմ Հայաստանեաց Աւետարանական Եկեղեցիի ﬔծ ընտանիքին եւ յատկապէս Նունէ Աբրահաﬔանին որ երկար աﬕսներուն անսակարկ աշխատանքներէ յետոյ մէջտեղ բերաւ այպիսի գոհար մը։ Դժբախտաբար ես պատիւը չեմ ունեցած անձամբ ծանօթանալու ﬔծ հայրիկիս, սակայն հասակ առած եմ իր յուշերու շուքին տակ, որովհետեւ ﬕշտ լսած եմ իմ հօրմէս, կամ հօրեղբօրմէս կամ հօրաքոյրէս, կարդացած եմ յօդուածներ իր մասին եւ ﬔծապէս տպաւորուած…»
«Հայրիկը» ներկայացումը դիտեցին ոչ միայն ԱՀԱԸ աշխատակիցներն ու ծառայողները, այլեւ բազմաթիվ հյուրեր, որոնք եկել էին Հայաստան՝ մասնակցելու Հայց. Ավետ. եկեղեցու 175-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին






