Առաջիկայում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Հ. Ներսեսսյանը, հարստացած անցած տասնամյակների փորձառությամբ, լավագույնս կկատարի AMAA-ում իր առջեւ դրված նոր պարտականությունները:
Հուլիսի 11-ին Հայ Ավետարանական կենտրոնում (Մ. Բաղրամյան 18) տեղի ունեցավ Հ. Ներսեսսյանի՝ «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ….» խորագրով հրաժեշտի հանդեսը:
ԱՀԱԸ-ն Հայաստանում պաշտոնապես գործում է 1991 թվականից: Իսկ Հարութ Ներսեսսյանը 1992 եւ 95 թթ. արդեն սկսել է աջակցել ընկերակցության աշխատանքներին՝ նախ որպես ամառային հանգստի պատանեկան ճամբարի կազմակերպիչ: 1996-ին տեղափոխվել է Հայաստան եւ ստանձնել Ավետարանչականի Հայաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: 2005-ին նշանակվել է Հայաստանի մասնաճյուղի գործերի կառավարիչ, իսկ 2011-ի հոկտեմբերին Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ:
26 տարվա բեղուն աշխատանքային կենսագրության յուրատեսակ հաշվետվություն, մարդկային ու մասնագիտական որակների բացահայտում, արվածի ու չարվածի մասին խոստովանություններ, բարեմաղթանքներ, ջերմ ու բարի հուշեր: Սրանք էին հանդիսության ընթացքում հնչող հիմնական շեշտադրումները: Հանդիսավար Անդրանիկ Մարդոյանը, որ վկան է եղել պրն Ներսեսսյանի հայաստանյան առաջին իսկ քայլերին, նուրբ հումորով ներկայացնում էր նրա կենսագրության հիշարժան էջերը: Ներսեսսյանի՝ որպես ղեկավարի, ընկերոջ, գործընկերոջ մարդկային ու քրիստոնեական որակները, աշխատողներին ազատ ստեղծագործելու հնարավորություն տալը ընդգծվեցին Ավետարանչականի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Ժաննա Դանիելյանի, Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանի, Արցախի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Կարապետյանի, Երեւանի Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի, Կանադայից (տեսաուղերձով) Խորեն Մարդոյանի եւ Սոնա Հովսեփյանի խոսքերում:
ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց գեղեցիկ հանդեսի կազմակերպման համար, ապա Հարութ Ներսեսսյանին բնութագրեց նրա անվան առաջին տառով սկսվող բառերով՝ հավատքի մարդ, հավատարիմ Աստծո եւ Ավետարանչականի հանդեպ, հետեւողական աշխատանքի վերջնական արդյունքին հասնելու առումով, համեստ, հումորը գնահատող եւ, ամենակարեւորը, իր ներկայությամբ կենտրոնական գրասենյակը հարստացնող: Խոսքի ավարտին պրն Խանջյանը ԱՀԱԸ մակագրությամբ խորհրդանշական գրիչ նվիրեց Հ. Ներսեսսյանին՝ որպես ստեղծագործության անբաժան գործիք:
«Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ» խորագրով երեկոյի ընթացքում էկրաններին ցուցադրվում էին Հարութ Ներսեսսյանի հայաստանյան ու արցախյան գործունեությունը պատկերող լուսանկարներ, ելույթներն ընդմիջվում էին Արմավիրի ՀԱԵ երգչուհի Մարետա Անտոնյանի, օպերային երգչուհի Նարե Այվազյանի եւ ԱՀԱԸ մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանի երաժշտական կատարումներով:
Միջոցառումն ավարտվեց ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի՝ օրհնության աղոթքով:
Հայ Ավետարանչական ընկերակցության
մամուլի բաժին