Այսօր «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն AMAA-ի Երեւանի գլխամասային գրասենյակում ստորագրել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է հասարակության մեջ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման գործընթացին օժանդակումը, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման նպաստումը եւ նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումը ամենաարդյունավետ ճանապարհն է՝ ապահովելու անհատի ներգրավումը, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը եւ սոցիալական բարօրությանը:
Համատեղ ծրագրի ավարտին ակնկալվում է, որ հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կկարողանան վերաինտեգրվել հասարակության մեջ՝ որպես լիարժեք անդամներ՝ առողջ հոգեկան ներաշխարհով եւ ամուր սոցիալական կապերով։ Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները։