Նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Հռոմեացիներ 5.3-5
Արդյո՞ք նեղությունը դարձել է մեր առօրյան: Արդյո՞ք մենք պետք է լինենք պատերազմի կամ երկրաշարժի գոտում, որ տառապենք: Երբ մեր ազգականները կամ Աստծո մյուս ստեղծածները տառապում են, մենք բոլորս տառապում ենք:
Որպես պարզ մահկանացու՝ ես պատկերացնում եմ, որ ձեզնից շատերը Հոբի պես կմիանան ինձ՝ աղաչելով. «Բավական է, ո՜վ Տեր»:
Դեռեւս չվերականգնված Արցախյան 44-օրյա պատերազմի եւ Սիրիայում բռնության, մահվան ու ավերածության տասնամյակի հետեւանքներից՝ մեր ժողովուրդը ճաշակում է Արցախում շրջափակման եւ Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժի դառնահամը։
Երբ ես գրում եմ այս տողերը, լրանում է 74-րդ օրը, ինչ Ադրբեջանը ցինիկաբար փակել է Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը մարդկանց, մեքենաների եւ ապրանքների համար։ Շրջափակումը վտանգի տակ է դրել Արցախի 120 000 խաղաղ բնակիչների կյանքը՝ զրկելով նրանց սննդամթերքից, դեղորայքից, կյանքի համար առաջին անհրաժեշտության այլ պարագաներից ու սպառնալով էթնիկ զտումներով, ինչը կարող է հանգեցնել հայրենի Արցախ բնօրրանի հայաթափմանը։
Դեռեւս չվերականգնված տասնամյա պատերազմի եւ անմարդկային ու դաժան պատժամիջոցներով պարտադրված տնտեսական ծանր ճգնաժամից՝ Հյուսիսային Սիրիան եւ Հալեպ քաղաքը ցնցվել են 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որի նմանը տարածաշրջանում չի եղել: Հազարավոր մարդիկ մահացան, վիրավորվեցին, մնացին անօթեւան կամ աներեւակայելի նեղություններ ունեցան:
ԱՀԱԸ-ն նեղությունների մեջ է, որպեսզի դիմանա, դիմանա բնավորություն ձեւավորի եւ հույսով զինվի: Հույս ոչ միայն մեզ, այլեւ հատկապես բոլոր նրանց համար, ովքեր նեղություններից իսպառ հուսահատվել են:
Քանզի առանց մեր հաստատակամության, Քրիստոսի բնավորությունն արտացոլող եւ նրա վրա խարսխված հույսի, մենք չենք կարող կատարել մեր առաքելությունն ու օգնության ձեռք մեկնել եւ ժպիտ բերել:
Նեղությունն ամրացնում է մեր վճռականությունը, մաքրում մեր բնավորությունը եւ զորացնում մեզ հույսով:
Զինված Աստծո սիրով, որը լցվել է մեր սրտերում, մենք ուրախանում ենք մեր նեղություններով, որպեսզի թեթեւացնենք ուրիշների տառապանքը: Միացե՛ք մեզ հույս առաջացնելու, տառապանքից ազատելու եւ մեր Արարչի սիրով ուրախություն պարգեւելու մեր առաքելությանն ու ջանքերին:
Շնորհակալ եմ ձեր տոկունության, բնավորության եւ հույսի համար: Շնորհակալ եմ Աստծո սիրով տառապանքը վայելելու համար:
Զավեն Խանջյան
ԱՀԱԸ գործադիր տնօրեն
23 փետրվարի, 2023 թ.
Գլենդել, Կալիֆոռնիա