Ծանր ժամանակներ ենք ապրում, եւ կարծես պատմության անիվը պտտվում ու կրկնում է պատմության դառը էջերը։
Հայաստան Արցախ հայրենիքը կրկին վտանգված է այնպես, ինչպես առաջին աշխարհամարտի տարիներին։ Այն ժամանակ մեր պապերը նենգաբար սպանվեցին իրենց հողում, եւ իրենց արյունը այսօր էլ դեռ կանչում է արդարության համար։
Թշնամու ծարավը կարծես չի հագենում ծնկած ու պարտված տեսնելու առաջին քրիստոնյա ժողովրդին՝ չհասկանալով, որ չպարտվելը ցանկություն չէ մեզ համար, այլ ՏԻՐՈՋ ՊԱՏՎԻՐԱՆ՝ դրոշմված ամեն հայի սրտում։ Եվ ինչպես անարդարությամբ ազգովի աշխարհով մեկ բաժանվեցինք, այնպես էլ արդարությամբ պիտի միաբանվենք։
Քայլում ես Արցախի փողոցներով, ու կարծես Արցախն էլ քայլում է քո մեջ, ու հասկանում ես, որ որքան հայրենիքի կարիքն ունես քո մեջ, այնքան էլ հայրենիքը քո կարիքն ունի իր մեջ, հասկանում ես, որ այլեւս չունես կորցնելու հայրենիք, այլեւս բավ է…
Արցախը կարող են շրջափակման մեջ պահել, բայց ՀԱՅԻ հոգին՝ ԵՐԲԵՔ։
Մենք քիչ ենք , սակայն մեզ հայ են ասում,
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք —
Մեզ հա՜յ են ասում։
Եվ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ — շատանա՜նք:
Պ․ Սեւակ