«Ուրախացե՛ք հույսով, համբերե՛ք նեղության մեջ, հարատևե՛ք աղոթքում»։
Հռոմեացիներ 12։12


Զավեն Խանջյան, AMAA-ի գործադիր տնօրեն

Ձեռք ձեռքի տված՝ հույսն ու նեղությունը տարբեր չափաբաժիններով շարունակում են կազմել այն երկրների սովորական առօրյան, որոնց AMAA-ն ծառայում է: Դրանց մի մասը բնական վայրիվերումներ են, որոնք ամենուր կյանքի անբաժանելի մասն են: Մյուսները տագնապալի աստիճանի են հասնում՝ մարդածին, կանխամտածված չարության ամենաբարձր մակարդակով, որի նպատակն է ցավ և տառապանք պատճառել՝ էթնիկ զտումներ իրականացնելու նախերգանքով:

AMAA News-ի թողարկումն ընդգրկում է պատմություններ, որոնք յուրաքանչյուր կատեգորիային պատկանող իրողություններ են բացահայտում: Եկեք քայլարշավ անենք մի դաշտով, որը, բնավ, կանաչ արոտավայրի նման չէ:

Հարավային Ամերիկա. հայկական համայնքները և Հայ Ավետարանական եկեղեցիները միշտ եղել են մեր առաքելության կիզակետում, սակայն հաղորդակցության և աջակցության մեծ մասը եղել է հեռակա կարգով՝ վերջին անգամ անձամբ այցելելով տարածաշրջան 1997թ.: AMAA-ն ներկայացնող թիմը Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի համայնքների գործերի, ֆիզիկական և հոգևոր կարիքների մասին ավելին իմանալու համար 2023թ. փետրվարին իր երկշաբաթյա այցով կոտրեց նրանց մեկուսացումը, անտեսվածությունն և միայնությունը: Մենք հույս ունեինք դիմակայելու այն մարտահրավերները, որտեղ գերիշխող մշակույթները քայքայել են լեզուն, մշակույթը և էթնիկ ինքնությունը: Երբ կարդում ենք պատմությունը, AEUNA-ի հետ ձեռք ձեռքի տված, AMAA-ն կառուցողական միջոցներ է ձեռնարկել՝ այս համայնքներն ամրապնդելու, երիտասարդությունից առաջնորդներ հավաքագրելու և մշակութային ու ազգային ինքնությունը խարսխելու համար: Ուրախացե՛ք հույսով:

Մերձավոր Արևելք. դեռևս չապաքինված տասնամյա ավերիչ պատերազմի հետևանքներից և ամբողջովին քայքայված աննախադեպ տնտեսական ճգնաժամից՝ մեր համայնքները Սիրիայում 2023թ. փետրվարի 6-ին բախվեցին նոր աղետի՝ մահացու երկրաշարժի, որը պատճառեց կորուստ, ավերածություն և տրավմա։ ԱՄՆ-ի կողմից կիրառվող շարունակական սանկցիաներից հալածված՝ Սիրիայում ժողովուրդը ենթարկվում է անմարդկային պատժիչ միջոցների և գտնվում է հուսահատության եզրին։ Հարևան Լիբանանում շարունակվում են քաոսը, անարխիան, սուր գնաճը և արժույթի արժեզրկումը։ Մարդկանց հսկայական զանգվածները պայքարում են` օրվա հացը վաստակելու համար և զրկված են էլեկտրականությունից, դեղամիջոցներից և կյանքի առաջին անհրաժեշտության պարագաներից: AMAA-ն ուշադիր հետևում է Սիրիայի և Լիբանանի մեր համայնքների վիճակին և տարեկան բյուջեից դուրս հրատապ ֆինանսական միջոցներ է տրամադրում կրթության, սննդամթերքի և բժշկական օգնության համար։ AMAA-ն մեր հաստատությունների մեծ մասը արևային էներգիայով ապահովելու գործում ֆինանսավորեց առյուծի բաժինը՝ շրջանցելով էներգետիկ ճգնաժամը և ծախսերը: Ուրախացե՛ք հույսով:

Հայաստան և Արցախ. 2020թ. Արցախյան պատերազմից հետո հայրենիքի և սփյուռքի առանձին շրջանակներում ծայրահեղ հոռետեսության ալիք է բարձրացել։ Այսօր Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը կախված են օդում ՝ նրա ապագայի լիակատար անորոշությամբ։ Նույնիսկ ներկան է մռայլ: 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսած՝ ադրբեջանական շրջափակման պայմաններում, որին հաջորդում է Լաչինի միջանցքի ռազմական անցակետը, Արցախը մնում է էթնիկ զտումների ընդգծված ախորժակ ունեցող ռեժիմի պատանդը։ Բուն Հայաստանն ուներ ոչ այնքան բարեդրացիական ագրեսիայի, հարձակման, գրոհի և արյունահեղության իր բաժինը զինվորական կամ քաղաքացիական բնակչության շրջանում` զոհաբերելով երիտասարդ ժամկետային զինծառայողներին: Ինչքան էլ տխուր ու ողբերգական է իրավիճակը, AMAA-ն կաթվածահար լինելու, ողբալու, լաց լինելու և տրտնջալու ցանկություն չունի: Թող հառաչեն փորձագետները։ Մենք հայրենիքին անմնացորդ զորակցության ամուր ոգի ենք կրում, Արցախի դարպասների մոտ ենք՝ օգտվելով յուրաքանչյուր ստեղծարար հնարավորությունից՝ ձեռք մեկնելու, վստահելու Ամենակարող Աստծուն, հավատալու նրա ժողովրդի տոկունությանը և հայրենիքի լուսավոր ապագային։ Ուրախացե՛ք հույսով:

AMAA-ն համբերությամբ և հավատքով դիմագրավում է նեղությունները և ուրախանում այն հույսով, որ սերմանում է մեր ժողովրդի մեջ, որտեղ էլ որ իր առաքելությունը տարածվի ամբողջ աշխարհով մեկ: Շնորհակալ ենք, որ միացել եք մեզ հավատքով և մշտական աղոթքով, որպեսզի խիզախորեն շարունակենք առաքելությունը:

 

19 մայիսի, 2023թ.

Գլենդել, Կալիֆոռնիա

Pin It on Pinterest