Ամեն բանի ժամանակ կա եւ ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։
Ժողովող 3.1
Ի հակադրություն դժվարությունների՝ Արցախի շրջափակումը չի խաթարել AMAA-ի գործունեությունը, ծրագրերը չեն ընդհատվել Արցախում եւ գործում են մեծ եռանդով, ծառայության, սիրո հոգով եւ նվիրյալների ջանքերով։
Այո, նվիրյալներ են Արցախի մեր գործընկերները․ առանց տրտնջալու, շնորհակալ եւ մեծ սրտով ծառայում են Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում՝ ոտքով կիլոմետրեր քայլելով եւ, Աստծո սիրույն, հաղթահարելով բոլոր խոչընդոտները՝ մարդկանց կարիքներին անտարբեր չմնալով եւ իրենցն անտեսելով։
Այս տարի ամառային ճամբարներն Հայաստանում եւ Արցախում իրենց շուրջ հավաքեցին ավելի քան 5400 երեխայի՝ պարգեւելով գեղեցիկ օրեր՝ ստեղծագործելու, խաղալու, զարգացնող խաղերով կատարելագործվելու եւ պարզապես միասին հաղթահարելու դժվար օրերը։
Մանկապարտեզները, ցերեկային կենտրոններն իրենց ամենօրյա աշխատանքով անում են հնարավոր ամեն ինչ, որ երեխաներն ապրեն իրենց մանկությունը, իսկ մանկական կաթի ծրագիրն այս օրերին կենսական անհրաժեշտությամբ ծառայում է հարյուրավոր երեխաների։
Այսօր Արցախը ճգնաժամի մեջ է, ուրեմն ժամն է հասել ճգնելու հանուն Արցախի՝ նեղությամբ, հոգնությամբ, համբերատարությամբ, ուժերի լարումով, քրտնաջան աշխատանքով, տքնելով եւ միայն նվիրյալների ճիգերն ու տքնությունը դուրս կբերեն Արցախը ճգնաժամից։
Տեւական ժամանակ է, ինչ Արցախի շրջափակման պատճառով մեր գործընկերների հետ շփումն ու միասնական ծառայությունները սահմանափակված են առօրյա հեռախոսազրույցներով, երբեմն էլ առցանց հանդիպումներով, եւ մի քանի րոպեն անգամ մեզ զորացնում է՝ Արցախից հեռու շարունակելու մեր ծառայությունը՝ վստահությամբ ու հավատով, որ Արցախը կա ու կլինի միշտ։
— Մունք ուժեղ ընք, մեզ կոտրել ինելու չի ,- ամեն անգամ որպիսության հարցին ի պատասխան, լսափողից լսվում է Արցախի մեր գործընկերների խրոխտ ձայնը։
Այո՛, Արցախն անկոտրում է, Արցախը կանգուն է իր նվիրյալների ճիգերով։
Իսկ դու գործադրե՞լ ես քո բոլոր ճիգերը՝ հանուն Արցախի․․․
Ժամանակն է։
Լուսինե Օհանյան
Ռազմավարական ծրագրերի ղեկավար