Երկու տարվա դադարից հետո նոր շնչով վերադարձած «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 15-րդ միջազգային փառատոնի վերջին օրը նշանավորվեց ոչ միայն մրցանակաբաշխությամբ, այլեւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած պանելային քննարկումով։
Խոսնակները մտքեր փոխանակեցին մշակույթի պահպանման ու զարգացման մեջ հիմնադրամների դերի շուրջ։
«Հայաստանը հարուստ է իր տաղանդներով, եւ չափազանց կարեւոր է այս մտավոր ներուժի արդյունավետ իրացումը». նշեց AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը։
Վերջինս խոսեց նաեւ Ընկերակցության հոգեւոր ու ազգային-մշակութային ծրագրերի եւ դրանց ռազմավարական նշանակության մասին։
«AMAA-ն միշտ մեր կողքին ամուր կանգնած է եղել, անգամ երբ ոչ ոք չի եղել մեզ հետ». իր անկեղծ երախտիքը հայտնեց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն իր հերթին ընդգծեց. «Շնորհակալ ենք հատկապես Սփյուռքում Ձեր հսկայածավալ ազգանպաստ գործունեության համար»։
Հովնանյան հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանն անդրադարձավ մշակութային նախաձեռնություններում կրթական բաղադրիչի շարունակականության անհրաժեշտությանը։
«Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Թալին Սաղդասարյանը վերջերս լույս տեսած «Մարի Կյուրի. Լույսի շողը խավարում» գրքի օրինակով պատմեց գրաֆիկ նովելների ուսուցողական յուրահատկության մասին։
Q&A ձեւաչափով քննարկման ընթացքում, AMAA-ից Սուրեն Սահակյանը կարեւորեց հատկապես հա՛յ գիտնականների ավանդի հանրահռչակումը՝ այդպիսով լրացնելով ՀՀ դիվանագիտական գործիքակազմը։ Որպես օրինակելի նախագիծ նա նշեց «Հայաստան» հիմնադրամի՝ Արցախի երբեմնի բեղուն գորգագործությանը նվիրված նոր նախաձեռնությունը։
Հավելենք միայն, որ քննարկման մոդերատորն էր Creative Armenia արվեստի հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը։