Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը (ԵՊՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին կատարած ներդրումն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ եւ արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն (AMAA) իր ավելի քան հարյուրամյա առաքելության ընթացքում կրթությունը մշտապես համարել է ազգային անվտանգության, սոցիալական բարեփոխման եւ բարեկեցիկ կյանքի հիմնասյուներից մեկը։ AMAA-ն խորապես համոզված է, որ կրթությունն ուժ է, եւ միայն ունենալով բարեկիրթ հասարակություն՝ պետությունը կարող է արժանապատիվ տեղ զբաղեցնել համաշխարհային բարդ եւ զարգացող համակարգում։

Հաշվի առնելով դարավոր եւ այժմ էլ շարունակվող գործընթացները հայոց պետականության շուրջ՝ Ընկերակցությունը հրատապություն եւ առաջնահերթություն է համարում միջազգային իրավունքի, միջազգային դատարանների եւ ոլորտին առնչվող տարատեսակ գիտելիքներով բարձրակարգ մասնագետների պատրաստումը, որն իրականացվելու է Երեւանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ եւ արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի միջոցով։

Այս ուսումնական տարվանից գործող այս ծրագրի նպատակներն են.

  • ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմունքներին, տրամադրել խոր եւ համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների եւ արբիտրաժային վարույթների վերաբերյալ,
  • ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչեւ վերջնական վճռի ճանաչումը եւ կատարումը,
  • գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել գրավոր եւ բանավոր փաստարկումների հմտությունները:

Հանդիպման ընթացքում
կողմերը քննարկեցին
համագործակցության շրջանակում
նոր ծրագրերի ու նախագծերի
իրագործման
հնարավորություններ։

Pin It on Pinterest