Թագուհի Թարխանյանը 73 տարեկան է, շուրջ 3 տարի է՝ օգտվում է AMAA-ի Ստեփանավանի կենտրոնի բարեգործական ճաշարանից:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում է բնակվում տիկ. Թագուհին արդեն շատ վաղուց: Պատմում է, որ դեռ դպրոցական տարիներից ընդգծված սեր է ունեցել ձեռքի աշխատանքների նկատմամբ: Հիշում է, թե ինչպես էր 12-14 տարեկանում անհամբերությամբ սպասում տնարարություն առարկայի դասերին:
Ու հիմա սեղանին շարել է իր վերջին տարիների աշխատանքներից՝ գորգ, կարպետ, ուլունքներ, ձեռագործ պայուսակ եւ դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտում իր վաստակած 1-ին կարգի դափնեկրի կոչումներն ու մեդալները, որոնք նա վաստակել է՝ մասնակցելով տարբեր միջոցառումների:
Միշտ է սիրել կարել, գործել, շյուղերով եւ հելյունով հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: Բայց կյանքը նրան տարել է Երեւանի պետական համալսարան՝ ֆիզքիմիայի ֆակուլտետ, եւ միայն 38 տարեկան հասակում է տիկին Թագուհին կարուձեւի պրոֆեսիոնալ դասերի մասնակցել, որն իր համար դժվար 90-ականներին եկամտի աղբյուր է ծառայել:
Եվ ահա տարիներ անց՝ 2017թ., երեւանցի այս աշխատասեր տիկինը մասնակցել եւ ավարտել է Ստեփանավանի Մշակույթի պալատում կազմակերպված դեկորատիվ արվեստի դասընթացը՝ կարպետներ, գորգեր, որոնք իր խոսքով իր աշխարհն ու տարերքն են, ու հենց դրանցով է լցնում իր օրը՝ հին ու կիսաքանդ մի տան մեջ, որտեղ նրա երազանքներն ու հույսերը հենց այս գույնզգույն թելերի աշխարհում են միահյուսվում, իսկ հեռու մայրաքաղաքում սիրելի որդին է, թոռնիկներն ու տիկնոջ երիտասարդ տարիների ոսկեգույն վերհուշը:
Մարուսյա Բալայան
AMAA-ի Ստեփանավանի «Շող» կենտրոնի համակարգող