ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն այսօր ստորագրել են գումարի նվիրաբերության պայմանագիր, որի համաձայն՝ ընկերակցությունը բռնի տեղահանված արցախցի 100 ուսանողների ուսման վարձի մի մասը փոխհատուցելու նպատակով տրամադրում է 21.281.900 ՀՀ դրամ։
Նախագիծը հնարավոր է դարձել Բիլեզիկյան ընտանեկան հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ։
ԵՊՀ-ում սովորող բռնի տեղահանված արցախցի ուսանողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանն առաջին իսկ օրերից նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ աջակցելու եւ սատարելու արցախահայությանը։
«Կարեւորելով կրթությունը եւ այն շարունակելու ձեր որոշումը՝ ԵՊՀ-ում մենք ստանձնեցինք հանձնառություն՝ խոսելու մեր գործընկերների հետ եւ հայցելու աջակցություն, որպեսզի կարողանանք փոխհատուցել կառավարության կողմից սահմանված կրթաթոշակների եւ գործող վարձավճարների տարբերությունը։ Մենք ստանձնեցինք պատասխանատվություն՝ մեղմելու այն դժվար կացությունը, որում հայտնվել եք դուք եւ մենք բոլորս»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկներին, որոնք արձագանքել են, մասնավորապես Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին՝ նշելով, որ այս գործընթացը աշխարհասփյուռ հայության միասնության գրավականն է։
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն ասաց, որ ընկերակցությունը բազմաթիվ ծրագրեր է իրագործել, որոնց միջոցով ամուր կապ է հաստատել արցախահայության հետ․
«Այս ծրագիրը շատ խորհրդանշական ու կարեւոր է մեզ համար։ Այսկերպ մենք նաեւ հույս ենք տածում, որ առաջատար այս բուհում ստացած կրթությունը կնպաստի ձեր նպատակների իրագործմանը»։
Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արեն Դեյիրմենջյանն ուսանողներին հորդորեցին լավ սովորել՝ խոստանալով աջակցել նրանց բոլոր նախաձեռնություններում։