Նոյեմբերի 20-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է AMAA-ի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը AMAA-ն հանգամանորեն ներկայացրել է իր կրթական ծրագրերը, որին ի պատասխան` ԿԳՄՍ նախարարը կարեւորել է ոչ պետական կրթական հաստատությունների եւ պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջեւ արդյունավետ երկխոսության ապահովումը:
Արեն Դեյիրմենջյանն անդրադարձել է Ավետիսյան դպրոցում գյուղատնտեսական եւ բարձրագույն տեխնոլոգիաներին վերաբերող ծրագրերի ներդրման նախագծին, ինչպես նաեւ արտասահմանյան լավագույն կրթական հաստատությունների հետ իրականացվող մի շարք այլ նախաձեռնություններին: Նշվել է, որ AMAA-ն նպատակ ունի տարածել այս կրթական մոդելը, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում հիմնելով նմանօրինակ դպրոցներ։
ԿԳՄՍ նախարարը ողջունել է վերոնշյալ ծրագրերի իրականացումը, որոնք լիովին համահունչ են պետության որդեգրած քաղաքականությանը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մինչեւ 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման եւ վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունները: