«Բարձունքներում՝ Աստծուն փառք, երկրի վրա՝ խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն». Ղուկաս 2․14։

Սուրբ Ծնունդն Աստծո փրկարար սիրո ուրախությունը վայելելու եւ այդ ուրախության մասին ուրիշներին պատմելու հիանալի առիթ է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս AMAA-ի եւ Հայ Ավետարանական եկեղեցու ջանքերով այդ ուրախությունը հասանելի դարձավ հազարավոր մարդկանց:

2025 թվականի սուրբծննդյան տոնական միջոցառումներն անցկացվեցին դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 12-ը: Հայաստանի տարբեր բնակավայրերում հազարավոր մանուկների, պատանիների եւ մեծահասակների փոխանցվեց կարեւոր ուղերձ՝ հիմնականում թատերական ներկայացումների միջոցով. սուրբծննդյան ուրախությունը հորդորում է փոխվել ու փոխել միջավայրը՝ դարձնելով այն ավելի խաղաղ, համերաշխ եւ լուսավոր:

Ահա միջոցառումներից մի քանիսը՝ մեր տեսախցիկում։

Հոգեւորը՝ արվեստի միջոցով

ԵՐԵՎԱՆ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երեւանի եւ հարակից բնակավայրերի փոքրիկները հնարավորություն ունեցան 5 սեանսով դիտելու մեր «Հայասա» թատերախմբի՝ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված «Մեկ բարի գործ» գունեղ ներկայացումը:

Այն սովորեցնում էր մանուկներին, որ Աստված տեսնում է այն բարի գործերը, որոնք անշահախնդրորեն են կատարվում՝ մղված Սուրբ Ծննդյան ուրախությունից։

Ներկայացմանը մասնակցեցին 3200 երեխաներ, որոնք ստացան նաեւ իրենց տոնական նվեր-պարկերը։

 

ԳՅՈՒՄՐԻ

AMAA-ն Գյումրիում իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց 1600-ից ավելի մանուկների, պատանիների եւ ծնողների, ովքեր վայելեցին տեղի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու թատերախմբի «Ձեռքս ձեռքիդ» Սուրբ Ծննդյան ներկայացումը՝ միասնականության, պարզ հոգատարության եւ աստվածային սիրո մասին։

Միջոցառման ավարտին, երեխաներին սպասում էին բազմատեսակ նվերներով լեցուն պարկերը։

 

ՎԱՆԱՁՈՐ

AMAA-ի Վանաձորի գրասենյակի Սուրբ Ծննդյան միջոցառումներին մասնակցեցին 782 երեխա եւ 649 մեծահասակ, այդ թվում՝ Արցախից տեղահանված 100 մանուկ։ Սուրբ Ծննդյան ուրախությունն է՛լ ավելի ամբողջացավ, երբ խորունկ հոգեւոր խորհուրդ ունեցող ներկայացումը դիտելուց հետո երեխաներն ստացան իրենց երկար սպասված նվերները։

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ

Վարդենիսի Կախակն, Ախպրաձոր եւ Շատվան բնակավայրերի երեխաների համար AMAA-ն Սուրբ Ծննդյան եւ Ամանորի անակնկալ նվերներ էր պատրաստել՝ Արամ անունով հայկական արջուկներ, որոնք իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն ընտանեկան տոնածառի կողքին՝ հնչեցնելով Արամ Խաչատրյանի անվանի ստեղծագործությունները։

 

Ընթերցե՛ք նաեւ՝

ECA.AM: Սուրբ Ծննդյան Բարի Լուրը հասավ ավելի քան 10,000 մարդու 

ARAVOT.AM: Ինչպես մեկ բարի գործը փոխեց իրականությունը. հեքիաթ՝ Սուրբ Ծննդյան տոնին

ARMENPRESS.AM: «Մեկ բարի գործ». «Հայասա» թատերախումբը գունեղ ներկայացում է նվիրել Երեւանի եւ հարակից շրջանների փոքրիկներին 

Pin It on Pinterest