Հանքավանում մեկնարկել է AI եւ տեխնոլոգիական մասնագիտությունների շուրջ առաջին դպրոցական ճամբարը Հայաստանում։
Այս նախաձեռնությամբ են իրենց նոր կրթական համագործակցությունն ազդարարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։
Ճամբարը մաս է կազմում FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի եւ մինչեւ օգոստոսի 31-ն իր շուրջ է միավորելու շուրջ 300 ավագ դպրոցականի՝ ոչ միայն «ԱԲ սերունդ» ծրագրի, այլեւ Հանրապետության այլ դպրոցներից։
Դառնալով մասնագիտական կողմնորոշման հարթակ՝ ճամբարը հնարավորություն է տալու պատանիներին բացահայտելու AI-ի ու հարակից ոլորտների մասնագիտությունները, առողջապահության, իրավաբանության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում դրա կիրառությունները, ճանաչելու սեփական ուժեղ կողմերը, զարգացնելու արդի ու մրցունակ հմտություններ եւ ըստ անհատական հետաքրքրությունների կազմելու իրենց կարիերային ու անձնական աճի ուղին։
AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, ողջունելով ճամբարի մասնակիցներին, նշել է, որ շատ ուրախալի է եւս 300 պատանու տեսնել «Շողիկ» ճամբարում, որն ավելի քան 55 000 երեխայի համար տարիներ շարունակ չափազանց հագեցած եւ տպավորիչ փորձառություն է եղել։ Նա վստահություն է հայտնել, որ պատանիները թե՛ ձեռք կբերեն նոր գիտելիքներ ԱԲ ոլորտում, թե՛ կվայելեն անկրկնելի ճամբարային առօրյան։
FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն էլ անդրադարձել է արհեստական բանականության դարաշրջանում մարդկային ներուժի եւ հարաբերությունների կարեւորությանը․ «Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի տարբեր մարզերից նույն հետաքրքրությունները կիսող պատանիները կարողանան ծանոթանալ ու սովորել թե՛ ԱԲ ոլորտի փորձառու մասնագետների, թե՛ միմյանց հետ՝ օգտագործելով համատեղ անցկացված ժամանակը նոր մասնագիտական հեռանկարներ, գաղափարակիցներ, կապեր ու համայնք ստեղծելու համար։ Մենք ուզում ենք տալ երեխաներին մեծ երազելու, կարծրատիպեր կոտրելու եւ ապագան երեւակայելու ու ստեղծելու համարձակությունը»։
Որպես համաիրականացնողներ՝ FAST-ն ապահովում է ճամբարի մասնակիցների բովանդակային եւ գիտելիքային, իսկ AMAA-ը՝ ճամբարային առօրյան՝ հագեցած խաղերով, ժամանցային եւ մրցութային ծրագրերով։
AI ճամբարը լինելու է շարունակական՝ ամեն տարի բացելով իր դռները պատանիների համար եւ տարածելով ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունների աշխարհն առավել մեծ թվով սովորողների շրջանում։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կառույցները համատեղում են ուժերը նաեւ արհեստական բանականության ոլորտի անվճար ու մրցունակ կրթության տարածման շուրջ։ 2025-2026 ուսումնական տարուց ՀՀ բոլոր մարզերի ավագ դպրոցներում ներդրված «ԱԲ սերունդ» ծրագիրը հասանելի է դառնալու նաեւ AMAA-ի Ավետիսյան դպրոցում՝ հնարավորություն տալով դպրոցականներին եռամյա ուսումնառության ընթացքում բացահայտելու աշխարհի ամենաարագ զարգացող եւ հեռանկարային ուղղություններից մեկը։

AMAA-ը եւ FAST հիմնադրամը հանդիսանում են հայկական առաջատար կրթական կառույցները միավորող «405 կրթական դաշինք»-ի համահիմնադիր անդամ։
AMAA-ը, հիմնադրված դեռ 1918թ․ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում, ավելի քան 3 տասնամյակ է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Այսօր կազմակերպությունն իրականացնում է կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր՝ իր 400-ից ավելի աշխատակիցների միջոցով հասնելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերին։
AMAA-ի կրթական առաքելության առանցքում է Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցը, որը սեպտեմբերից սկսում է նոր մոդելի փորձարարական ծրագիր՝ իր մեջ ներառելով նաեւ դպրոցահեն առողջության կենտրոն եւ ցերեկային կենտրոն։ Կազմակերպությունը միտված է նոր մոդելի դպրոցների ստեղծմանը նաեւ Հայաստանի մարզերում։
Ոչ ֆորմալ կրթական կարեւոր ծրագրերից է AMAA-ի Հանքավանի ճամբարը, որտեղ գործում են հյուրանոցային մասնաշենք, կոնֆերանս սրահներ, մարզահրապարակներ, ամֆիթատրոն եւ հանգստի գոտիներ։ Համալիրը նախատեսված է կլոր տարին ճամբարային, կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումներ կազմակերպելու համար։
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ութ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 30 ծրագիր՝ հասնելով ավելի քան 24 000 շահառուի։
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը FAST-ի համանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որը կոչված է ձեւավորելու ոլորտում ապագա նորարարի կրթական ողջ ուղին՝ ավագ դպրոցից մինչեւ դոկտորական մակարդակ:






