Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) սահմանամերձ գյուղերի ծրագիրն սկսվեց 8 տարի առաջ, երբ թշնամու կրակոցը սահմանագոտուց տեղափոխվեց գյուղ:

Կրակոց հնչեց ոչ միայն գյուղում, այլև մեր սրտերում, և Ընկերակցության թիմը շարժվեց դեպի գյուղեր:

Ավետարանչականի գործունեության համար դժվար է սահմաններ որոշել։ AMAA-ն ամենուր է, նույնիսկ այն վայրերում, որտեղ չունի գրասենյակներ և հիմնական ծրագրեր։ Մենք այնտեղ ենք, ուր մեր ներկայությունն առավել անհրաժեշտ է: Հայրենիքը կանչում է մեզ դեպի հեռավոր գյուղեր, որտեղ մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, բայց ապրում են հային բնորոշ հաստատակամությամբ և հավատով ապագայի նկատմամբ:

Մեզ հետ գյուղեր ենք տանում հետաքրքիր զվարճալի խաղեր, դաստիարակչական ներկայացումներ, գունագեղ խաղալիքներ, հագուստներ, բայց ամենակարևորը մեզ հետ տանում ենք սեր ու ջերմություն:

Մի պահ նկատում ես, որ երեխաները այնքան ամուր են գրկել նվեր-խաղալիքները, որ ակամայից տեսնում ես, որ դա պարզապես խաղալիք չէ, այլ դա այն երջանիկ, բայց չապրած մանկությունն է, որ իր վճիտ աչքերով նայում է քեզ ու իր շնորհակալությունը հայտնում՝ վերադառնալու համար:

Lusine OhanyanՀայաստանի որ հեռավոր գյուղն էլ գնանք, որքան էլ դժվարություններ լինեն, որքան էլ կյանքը ծանր լինի, կա մի գեղեցիկ զգացողություն, որ մենք մեր տանն ենք:

Անվերջ են մեր այցելությունները գյուղեր, քանի որ ամեն անգամ դրանք վերածվում են խոստման, որ մենք անպայման կվերադառնանք:

Լուսինե Օհանյան
ԱՀԱԸ Հայաստանի արտաքին կապերի պատասխանատու

Pin It on Pinterest