Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը, հիմնադրվել է 1955-ի հոկտեմբերին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կողմից:
Հավատարիմ իր հանձնառությանը` AMAA-ն այսօր էլ շարունակում է հովանավորել Հայկազյան համալսարանի արգասաբեր գործունեությունը:
ՀՊՄՀ պաշտոնական կայքէջը գրում է.
Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն ու Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր, վերապատվելի Փոլ Հայդոստյանը կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել ակադեմիական և գիտական համագործակցություն: Հուշագրի համաձայն՝ բուհերը կիրականացնեն գիտնականների, դասախոսական կազմի և ուսանողների, գիտական հրատարակությունների փոխանակում, գիտական ամբիոնների գործակցություն:
Նախատեսվում է նաև համատեղ գիտական հետազոտությունների, գիտաժողովների, սեմինարերի, հանրային դասախոսությունների, տարատեսակ միջոցառումների կազմակերպում և անցկացում:
«Միջազգային համագործակցությունը եղել է, կա ու կլինի Մանկավարժականի զարգացման կարևոր պայմաններից, իսկ 100-ամյա բուհի համար այն նոր որակ ու այլ խորհուրդ ունի: Կես դարից ավել պատմություն ունեցող Բեյրութի Հայկազյան համալսարանը, որը նախկինում քոլեջ է եղել, լինելով միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը սփյուռքահայ կրթական կառույցների շարքում՝ իր ուրույն տեղն ունի: Երկու բուհերի կրթական բովանդակությունն ու կառուցվածքը ընդհանուր շատ գծեր ունի. զբաղվում ենք կրթական գործունեությամբ, որը հայ մարդու վաղվա ապագան է»,- իր խոսքում նշեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանն ու հույս հայտնեց, որ երկու բուհերի համագործակցությունը կունենա մեկ հիմնական նպատակ՝ խորացնել կրթական համագործակցության դաշտը, լինել կողք կողքի՝ մայր հայրենիքում և Սփյուռքում:
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր, վերապատվելի Փոլ Հայդոստյանն առաջին անգամ է Մանկավարժական համալսարանում. նկատում է՝ նախկինում համագործակցող բուհերի համար հուշագիրը լավ առիթ է՝ միասնաբար գրանցելու առավել շոշափելի արդյունքներ. «Հայկազյանը տարիներ շարունակ կատարել է իր առաքելությունը. կառույցի շրջանավարտներն ամենատարբեր ոլորտներում ծավալում են մասնագիտական լուրջ գործունեություն՝ նպաստելով հայապահպանմանն ու հայ ուսուցիչների պատրաստմանը: Այդ առումով «Հայկազեան հայագիտական հանդես»-ը ևս կամրջող իրականություն է՝ հայագիտությունը` որպես զարգացող գիտություն տեսնելու առումով»:
ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նկատում է՝ հուշագիրը չպետք է որպես փաստաթուղթ մնա. մեծ նվաճում կլինի, եթե այն բովանդակային առումով դառնա համալսարանների միջև ծավալվող գործունեության հիմք և ունենա գործնական նշանակություն:
Հուշագրի կնքմանը հաջորդեց Բեյրութի Հայկազյան համալսարանի գիտական կենտրոնի հոբելյանական հատորի շնորհանդեսը. այն ներկայացրեց բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանը: Վերջինս իր փորձով է համոզվել ՝ 50-ամյակը հասուն տարիք է, երբ կարիք կա հանրագումարի բերել անցած ուղին. «Այսօր ունենք իր տեսակի մեջ անսովոր հրատարակություն, որի նախաբանում գիտակից վերտառությամբ գրված է՝ հատորն այս կես դարի ընթացքում մնում է հավատարիմ գիտական ազատ կարծիքի ամբիոն և Հայաստան-Սփյուռք հայագիտական կամուրջ լինելու իր կոչմանը»:
Հանդիպման ընթացքում կայացավ նաև «Հայկազեան հայագիտական հանդես»-ի 41-րդ հատորի շնորհանդեսը: Հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը շնորհակալություն հայտնեց հանդեսի 41-րդ հատորի երևանյան շնորհանդեսը հատկապես Մանկավարժական համալսարանում կազմակերպելու առթիվ. բուհի հետ գործակցությունը տարիների պատմություն ունի, որն այսօր ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ:
«Հանդեսի խմբագրակազմն այն հավատամքն ունի, որ հայագիտությունը միայն դասական բանասիրությունը չէ. ինչ վերաբերում է հային, հայագիտական նյութ է: Մարտահրավեր ունենք առավել ընդլայնելու հայագիտության շրջանակները` ձգտելով այն տեղավորել համաշխարհային գիտությունների քարտեզի վրա»,-նշեց Անդրանիկ Դաքեսյանն ու խոստովանեց` թեև դժգոհ չեն կատարվող աշխատանքից, սակայն բավարարված էլ չեն, քանի որ մտահոգ են:
Վերջինս Հայագիտական հանդեսի խմբագրակազմի և Բեյրութի Հայկազյան համալսարանի անունից վստահեցրեց, որ գիտակցում են կատարվող աշխատանքի կարևորությունը, ջանք ու եռանդ չեն խնայում իրենց նպատակն իրագործելու համար:
«Հանդեսի խմբագրակազմն ունի դրական մի քանի բարդույթ` անհանգիստ և չբավարարվող, միշտ զգոն և ականջալուր զարգացումներին, որ գիտականությամբ արձագանքեն նոր խնդիրներին»,-ևս մեկ անգամ ընդգծեց հանդեսի խմբագիրն ու հավելեց` ամեն ինչ անելու են բարոյա-ազգային արժեհամակարգի արդյունավետության առավելագույնին հասնելու համար:
Հանդեսի գոյությունը լուրջ իրողությունում և մեծ նվաճում է մեզանում. վստահ են հանդեսի հոդվածագիրները. «Հայկազյանը» կարծես օտար ափերում դեգերող զավակ լինի, որին առանձնակի քնքշանքով ու յուրահատուկ սիրով են վերաբերվում:
Գործնականում ՀՊՄՀ-ի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև համագործակցության սկիզբը նշանավորվեց պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսսյանի՝ «Լիբանանի հայերը. անընդհատ հարմարում տագնապների շարքին 1920-2020 թթ.» թեմայով հանրային դասախոսությամբ:
Վերջինս պատմաբանների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Լիբանանի Հանրապետության ձևավորումը, լիբանանահայերի պատմությունը, համայնքների գործունեությունը, յուրօրինակությունները, նոր մարտահրավերներն ու նրանց ազդեցությունը լիբանանահայերի վրա:
Բանախոսն անդրադարձավ նաև Լիբանանի մշակութային կյանքին, հայ ավետարանականների, կաթոլիկների և առաքելականների պատմությանը, տպագրված հայատառ գրքերին, պատմական մի շարք կարևոր իրադարձությունների ևս:
Դասախոսության ավարտին ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան: