Արդի աշխարհում կան շատ կրոններ, և ըստ դրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչների` միակ ճշմարիտ կրոնը, որը ճանապարհ է հարթում դեպի Աստված, իրենցն է: Մեր ժամանակներին նաև բնորոշ է հանդուրժողականությունն այս երևույթի հանդեպ: Այսուհանդերձ, գոյություն ունեցող բազում կրոններում չխարխափելու համար մեզ հարկավոր են ճիշտ պատասխաններ Աստծու վերաբերյալ:

Նախ ուզում եմ նշել հանրահայտ ճշմարտությունը, որ կրոնը հասարակական գիտակցության մի ձև է: Այն ձևավորվել է շատ վաղուց` Աստծու կողմից մարդու ստեղծման հետ միաժամանակ: Սակայն որպես հասարակական գիտակցության ձև` կրոնը (Աստծուն փնտրելու ճանապարհը) ակնբախորեն դրսևորվեց Եդեմի պարտեզում մարդու անկումից հետո, երբ մարդ-Աստված անմիջական հարաբերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Մարդը` որպես Աստծու պատկերը կրող, չէր կարող գոյություն ունենալ առանց Նրա հետ հարաբերության: Այդ պատճառով, ապավինելով իր մտքի կարողությանն ու զորությանը, նա սկսեց Աստծու փնտրտուքները և այդ ճանապարհին տարբեր կերպեր ու միջոցներ օգտագործելով` փորձեց բավարարել անձնական կրոնական զգացմունքները:

Անշուշտ, մարդու կրոնական պատկերացումները, անհասցե հավատքը չէին կարող բավարարել օր օրի աճող և զարգացող նրա կրոնական պահանջները: Այս պատճառով էլ առաջացան տարբեր գաղափարներ Աստծու, Նրա գոյության, կամքի, ինչպես նաև պարտականությունների մասին:

Կրոնական տարբեր ծիսակատարությունները, զոհաբերությունները ծառայում էին և ծառայում են մեկ նպատակի, այն է` ներգործելով մարդկանց զգացմունքների և գիտակցության վրա` նրանց ենթարկել կրոնական տվյալ խմբի կամ նրանց առաջնորդների կրոնական պատկերացումներին: Նման միջոցները, որպես ճնշման գործիք, կիրառվել են մարդկանց, այդ թվում գիտնականների վրա` փորձելով խաթարել նրանց գիտակցությունն ու խոչընդոտել գիտության առաջընթացը:

Սակայն, ի տարբերություն բազմաթիվ կրոնների, քրիստոնեությունը` ի դեմս Հիսուս Քրիստոսի, եկավ, որ ճանաչելի դարձնի մեր հավետ կենդանի Աստծուն և հռչակի, որ Աստված սեր է, և որ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մարդու կրոնական ձգտումները կարող են լիարժեք բավարարվել, քանի որ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք Հոր (Աստծու) մոտ չի գալիս, եթե ոչ ինձնով» (Հովհ. 14.6):

Մեր անձնական, գիտակցված, կենդանի և, որ ամենակարևորն է՝ գործնական հավատքը առ Հիսուս Քրիստոս, որը մեր մեջ ստեղծվում է Աստծու խոսքը լսելուց («Հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծու խոսքից»` Հռոմ. 10.17), Հիսուսի միջոցով ճանապարհ է հարթում առ Աստված ուղղակի հարաբերության համար, ինչը հիմնականում արտահայտվում է երեք կերպ.

  • երբ կարդում ենք Աստվածաշունչը, Աստված խոսում է մեզ հետ.
  • երբ աղոթում ենք առ Աստված, մենք խոսում ենք Աստծու հետ, իսկ Աստված լսում է.
  • երբ լսում ենք քարոզներ, Աստված մեզ հետ խոսում է քարոզների միջոցով:

Աստվածաշնչի միջոցով, որտեղ պարփակված է Աստծու կենդանի խոսքը, Աստված տալիս է իմաստություն` հասկանալու/վերաիմաստավորելու մեր անորոշ դիրքն Իր հանդեպ և ասում. «Բոլորը մեղանչեցին և զրկված են Աստծու փառքից» (Հռոմ. 3.23): Աստծու հանդեպ մարդու մեղավորության գիտակցմանը հետևում է ապաշխարությունը:

Այս ամենը որպես պարգև ստանում ենք մեր փոխարեն Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հարության շնորհիվ. «Որովհետև Աստված այնպես սիրեց Աշխարհը (այսինքն մարդկանց՝ գիտակից արարածներիս), որ Իր Միածին Որդուն (Հիսուս Քրիստոսին) տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3.16):

Հիսուսն իր խաչով յուրօրինակ կամուրջ դարձավ մեղքի անդունդի վրա, մարդու և Աստծու միջև և մեզ պարգևեց փրկություն: Ով ընդունում է Նրան, կարող է վկայել.

«Որովհետև ես հաստատ գիտեմ` ո՛չ մահը, ո՛չ կյանքը չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմ. 8.38-39):

Ահա սա է այլ կրոններից քրիստոնեության հիմնական տարբերությունը: Աստծու մեր փնտրտուքներն անօգուտ են: Աստված իր որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ աշխարհ և բոլորիս մեղքի պատիժը` մահը, Հիսուսի վրա դնելով` կոչ արեց հավատքով առ Հիսուս Քրիստոս վերականգնել հարաբերությունները Հայր Աստծու հետ:

Անդրանիկ Մարդոյան
AMAA մամուլի քարտուղար

Pin It on Pinterest