«Եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է,
ու դեռ ձեր մեղքերի մեջ եք»
(Ա. Կորնթ. 15. 17):

Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ մեր Աստծու եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Հարության տոնի առիթով:

Այս օրերին ամենուրեք լսում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» եւ ուրախությամբ պատասխանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ խաչվեց, թաղվեց մեր մեղքերի համար եւ հարություն առավ, հիմա կենդանի է. «Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի եք լինելու» (Հովհ. 14.19): Հիսուսի հարությունը ամենանշանակալից եւ անվիճելի փաստերով հիմնավորված եղելությունն է երկնքի եւ երկրի պատմության մեջ, որի վրա էլ հենվում է քրիստոնեությունը. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք» (Ա. Կորնթ. 15. 17): Եթե Քրիստոսը հարություն չառներ, ապա անպտուղ կլինեին ե՛ւ քարոզները, ե՛ւ այն լսողների հավատը: Քրիստոնեությունը կդառնար մարդկային հերթական ուսմունքը, որն ի զորու չէր լինի մեզ մոտեցնել կատարյալ կյանքին:

Գիտենք, որ քրիստոնեական կյանքը կատարելապես տարբերվում է աշխարհիկ կյանքից. այն սկիզբ է առնում Աստծու խոսքը լսելուց, մեղքից ձերբազատվելու գիտակցումից, որն էլ բերում է զղջման եւ ապաշխարության (մեղքն առաջնային իմաստով Աստծուց բաժանված լինելն է): Երբ գիտակցում ենք մեղքը՝ Աստծուց բաժանված լինելը, ինքնաբերաբար ուզում ենք վերականգնել այդ հարաբերությունը, ուզում ենք հավատալ Հիսուսին, վստահել Նրան, Տեր եւ Փրկիչ ընդունել… Այս կերպով պատասխանում ենք Աստծու փրկության կոչին, հավատքով դառնում Հիսուսին եւ, որպես Աստծու որդի, դառնում ժառանգորդն Աստծու արքայության:

Մենք՝ քրիստոնյաներս, փառաբանում ու շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, հարության միջոցով մեղքի, մահվան եւ դժոխքի նկատմամբ տարած հաղթանակի, մարդու եւ Աստծու միջեւ խաղաղության վերահաստատման հնարավորության եւ հավիտենական կյանքի պարգեւի համար. «Որովհետեւ Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց եւ նրանց հանցանքներն իրենց ներեց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ. Կորնթ. 5. 19):

Մեր հավատը Հիսուս Քրիստոսի նկատմամբ մեզ դարձրեց Աստծու որդիներ: Եվ սա այնքան կարեւոր է մեզ համար, որ երբեմն հարցնում ենք. «Տե՛ր Հիսուս, ինչպե՞ս կարող ենք շնորհակալ լինել քեզնից՝ քո հանդեպ ունեցած հավատի շնորհիվ մեղքերի թողության, արդարացման եւ հավիտենական կյանքի պարգեւին արժանանալու համար»:

Գիտե՞ք, ապաշխարությունից եւ Աստծու հանդեպ հավատքից հետո մարդն ինքնաբերաբար չի համակերպվում իր ներկա վիճակին, ձգտում է կատարելագործման, բարոյականության մի նոր աստիճանի… սակայն հասկանում է, որ շրջապատում ու բնության մեջ կան իրեն  խանգարող բաներ, որոնք թույլ չեն տալիս ազատ կամքով Աստծուն նմանվելու ճանապարհով ընթանալ:

Հավատքին հետեւում է հոգեւոր վերածնունդը, որն Աստծու կողմից մարդու վերափոխման սկիզբն է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել» (Հովհ. 3.3):

Վերստին ծնունդ չունեցող, հոգեւորապես մեռած մարդը ընդունակ չէ հասկանալու Աստվածաշնչից բխող ճշմարտությունները եւ դրանք առօրյայում ի ղեկավարումն ընդունելու: Այս միտքը հաստատվում է ոչ միայն Նոր, այլեւ Հին Կտակարանում. «Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից եւ նրանց մարմնեղեն մի սիրտ տամ, որպեսզի իմ կանոններով ընթանան եւ իմ պատվիրանները պահեն եւ դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը» (Եզեկիել 11. 19-20): Վերստին կամ հոգեւոր ծնունդը գերբնական երեւույթ է, Քրիստոսով նոր՝ կատարյալ կյանքի սկիզբը: Այն մարդկային ուժով չէ, որ իրականանում է: Այս մասին Հիսուսն ասում է նաեւ Նիկոդեմոսին. «Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի» (Հովհ. 3.6):

Հարգելի՛ հայրենակիցներ, մարդու էությունը հնարավոր չէ փոխել սոցիալական բարեփոխումներով եւ շարունակական կրթությամբ: Բարեփոխումը հնարավոր է միայն Աստծու գերբնական աշխատանքով… սակայն մարդը հիմնականում մերժում է Աստծուն եւ պայքարում Նրա դեմ, որովետեւ Աստծու խոսքը մերկացնում է նրա էությունը, մի կողմ դնում արտաքին բարեմասնությունները եւ ցույց տալիս ապականված հոգին, որն, իհարկե, մարդուն հաճելի չէ: Մերժելով Աստծուն` մարդն իր գործողություններում ազատ է զգում, անում է այն, ինչ հաճելի է մարմնին, լռեցնում է խղճի՝ հոգեւոր գիտակցության ձայնը, եւ գործում իր ցանկությունների համաձայն: Մարդկանց հիմնական դժվարությունը իրենց ցանկություններին դիմագրավելու անկարողությունն է:

Ոչ մի ստեղծված չի կարող Աստծուց շնորհակալ լինել եւ այնպես սիրել Նրան, ինչպես փրկված մեղավորը, այսինքն՝ ես եւ դու, հարգելի՛ հայրենակից, եթե Հիսուսին ընդունել ես որպես քո կյանքի Տեր եւ առաջնորդ: Որքան շատ է ներվում մեզ, այնքան շատ ենք սիրում Հիսուսին:

Ավելին՝ ըստ Պողոս առաքյալի Հիսուսը՝ «ննջեցյալներից առաջինը» (Ա. Կորնթ. 15. 20) վերջինը չէ իր սկսած շարքում: Մենք եւս, որպես Աստծու որդիներ, մահվանից հետո հարություն կառնենք, որովհետեւ «որտեղ Հիսուսն է, այնտեղ էլ մենք կլինենք» (Հովհ. 14. 1-4):

Հուսով ենք, որ Ս. Զատկի այս օրերին Հիսուս Քրիստոսի հարության ջահը, որ երկու հազար տարի լուսավորում է Նրան ճանաչողների մտքերն ու ճանապարհները, կօգնի հանուն Աստծու կատարելու նաեւ Հիսուսի մեծագույն պատվերը. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա: Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահելու այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը» (Մատթ. 28. 18-20):

 

Անդրանիկ Մարդոյան
ԱՀԱԸ մամուլի քարտուղար

 

 

Pin It on Pinterest