Քաղցկեղը մահվան պատճառների մեջ երկրորդ տեղում է։ 2020 թվականի տվյալներով քաղցկեղից մահացել է 10 մլն մարդ, որի 70% բաժին է հասնում ցածրից միջին եկամուտ ունեցող երկրներին։ Ցածր եկամուտ ունեցող երկրների 30%-ից պակասն ունի քաղցկեղի բուժման ծառայություններ՝ ի տարբերություն բարձր եկամուտ ունեցող երկրների 90%-ի։
Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Չնայած հետազոտման ու բուժման հարցում առաջընթացի՝ դեռեւս շատ բուժառուներ հանդիպում են հիվանդության հետ կապ չունեցող բազմաթիվ խոչընդոտների, ինչպիսիք են՝ ցածր եկամուտները, կրթվածության մակարդակը, բնակության վայր եւ այլ խտրականություններ՝ կապված ազգության, սեռի, տարիքի եւ այլնի հետ։
Վերջին երկու տարիների խորագիրն է՝ Լրացնելով խնամքի բացը (closing the care gap), որի նպատակն է միավորել մեր ուժերը՝ վերացնելու խնամքի անհավասարությունը սոցիալական տարբեր խմբերի համար։
Առողջապահության մեջ մենք կիրառում ենք հավասարության երկու տարբեր ձեւակերպումներ՝ inequality՝ անհավասարություն եւ inequity՝ անարդարություն։ Ի տարբերություն անհավասարությանը՝ անարդարությունը նշանակում է խնամքի կամ արդյունքների անարդար բաշխում: Տարբերությունը շատ նուրբ է, բայց քաղցկեղի խնամքի բացը լրացնելը իրականում բոլորին հավասար ռեսուրսներ տրամադրելու մասին չէ: Մեկ կարիքի բավարարումը չի համապատասխանում բոլորի խնդրին, եւ յուրաքանչյուր մարտահրավեր պահանջում է յուրահատուկ լուծում: Արդարությունը նշանակում է յուրաքանչյուրին տալ այն, ինչի կարիքն ունի վերջինս, որը նրանց կհասցնի մյուսների մակարդակին:
20 տարուց ավելի է, ինչ AMAA-ի Այնիլյան կլինիկան տրամադրում է բժշկական բարձրակարգ ծառայություններ սոցիալապես անապահով բնակչությանը՝ հետազոտելով եւ կրթելով ձեւավորել առողջության հանդեպ առաջնահերթ վերաբերմունք։
Գոռ Հովհաննիսյան
Մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ