Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակը, 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումը, Ադրբեջանի կողմից պարբերական ագրեսիայի դրսեւորումներն ու դրանց բացասական հետեւանքներն օրեցօր ավելի են խորացնում կրթական համակարգի ճգնաժամը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում կրթության իրավունքի պաշտպանության կարեւորությունը՝ Հայաստանում մի շարք հեղինակավոր կրթական կազմակերպություններ, որոնք, միավորվելով մեկ հարթակում, հանդես են գալիս Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնություն (ԿԻՔՆ) անվամբ, մարտի 16-ին համատեղ նախաձեռնել էին ճգնաժամային իրավիճակներում կրթության իրավունքին նվիրված պանելային քննարկում՝ միջազգային եւ տեղական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:
Միայն ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ հատկապես Արցախում կրթական իրավունքի իրացումը դարձել է խիստ խոցելի: Քննարկման ժամանակ ներկայացված զեկույցը դրա առանցքային հիմնավորումն էր. փաստահավաք խումբն այս ամիսների ընթացքում ուսումնասիրել, քննարկել եւ համագործակցությամբ դուրս էր բերել հնարավոր բոլոր խախտումներն ու իրական պատմությունները:
Ըստ զեկույցի՝ ավելի քան 20.000 երեխա տեւական ժամանակ զրկված է կրթության իրավունքից. հանրակրթական դպրոցների 65%-ը փակվել են գազի խափանման պատճառով՝ թողնելով Արցախի դպրոցականների 60%-ին առանց կրթության, խաթարվել է գրեթե բոլոր միջին մասնագիտական հաստատությունների, արվեստի եւ բժշկական քոլեջների աշխատանքը, դադարել են գործել բոլոր համալսարանները: 50 երիտասարդ չի կարողացել մասնակցել բուհերի ընդունելության միասնական քննություններին:
«Համաշխարհային առումով գուցե թվերը փոքր են թվում ու մեզ էլ հաճախ դրա մասին ասում են, բայց մեզ համար, մեր համայնքի ներսում սրանք սարսափելի թվեր են. հարյուրավոր մարդիկ զրկված են աշխատանքից, կրթության իրավունքից, տարրական հաղորդակցման ու լոգիստիկ պայմաններից, եւ այս թվերն օրեցօր աճում են»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը:
Հանդիպման ընթացքում կրթական կազմակերպությունների, դպրոցների, հիմնադրամների ներկայացուցիչները ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության համատեքստում ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնց բախվել են այս ընթացքում Արցախի հետ կամ Արցախում իրականացվող ծրագրերի եւ նախատեսվող նախագծերի շրջանակում:
Վերջիններս համոզմունք հայտնեցին, որ ինչպես նախորդ ճգնաժամերի ընթացքում հնարավոր եղավ կարծարատիպերից դուրս մտածելով, նորարար ու արդյունավետ լուծումներ գտնել, այնպես էլ այսօր համատեղ ուժերով եւ համագործակցությամբ հնարավոր կլինի աշխատել ու հաղթահարել մարտահրավերները:
Մեծապես կարեւորելով միջազգային եւ տեղական կառույցների դերն ու ներգրավվածությունը կրթության իրավունքի պաշտպանության գործում՝ հանդիպմանը հրավիրված էին բոլոր պատասխանատու կառույցները, բայց քննարկմանը մասնակցեցին միայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները՝ ներկայացնելով այն հիմնական ծրագրերն ու անելիքները, որոնք արվել են շրջափակման ընթացքում:
Բարձրաձայնելով խնդիրների մասին եւ ահազանգելով այն օրհասական իրավիճակի մասին, որում կարող է հայտնվել կրթության ոլորտն ընդհանուր առմամբ եւ Արցախի կրթական համակարգը մասնավորապես՝ ԿԻՔՆ-ը առաջնային եւ անհրաժեշտ է համարում վերականգնել Արցախը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, կանխել կրթական իրավունքի խախտման դեպքերը՝ այս համատեքստում կարեւորելով համապատասխան մանդատ ունեցող կառույցների դերը, մշակել վերահսկողության գործիքներ, որպեսզի արդյունքում Արցախում եւ Հայաստանի սահամանամերձ շրջաններում բնակվող երեխաները պարբերաբար դուրս չմնան կրթական գործընթացներից եւ կարողանան լիարժեք իրացնել իրենց կրթության եւ զարգացման իրավունքը: