2023 թ. հունիսի 14-ին ամբողջ աշխարհում կրկին նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ Օրը հատուկ հնարավորություն է նշելու եւ շնորհակալություն հայտնելու ամբողջ աշխարհում արյան կամավոր դոնորներին արյան նվերի համար։

Յուրաքանչյուր նվիրատվություն թանկարժեք, կյանք փրկող նվեր է, իսկ կրկնվող նվիրատվությունը՝ անվտանգ եւ կայուն արյան ապահովման բանալին:

Անվտանգ արյան եւ արյան բաղադրամասերի հասանելիության բացակայությունը, հատկապես ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, ազդում է բոլոր բուժառուների վրա, ներառյալ նրանց, ովքեր կանոնավոր փոխներարկում են ստանում։

Այս տարի քարոզարշավի կարգախոսն է՝ «Տուր արյուն, տո՛ւր պլազմա, կիսվի՛ր կյանքով, կիսվի՛ր հաճախակի»։

Քարոզարշավի նպատակներն են՝

  • տոնել եւ շնորհակալություն հայտնել այն անհատներին, ովքեր արյուն են նվիրաբերում եւ խրախուսում են ավելի շատ մարդկանց դառնալ դոնորներ,
  • առողջ մարդկանց խրախուսել կանոնավոր կերպով արյուն նվիրաբերել, որքան հնարավոր է հաճախ,
  • ընդգծել արյան եւ պլազմայի կամավոր ոչ վարձատրվող, կանոնավոր նվիրատվության դերը բնակչության համար անվտանգ արյան բաղադրամասերի համընդհանուր հասանելիության հասնելու գործում՝
    մոբիլիզացնելով ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում աջակցությունը կառավարությունների եւ զարգացման գործընկերների միջեւ՝ ներդրումներ կատարելու, ամրապնդելու եւ պահպանելու արյան ազգային ծրագրերը:

 


Գոռ Հովհաննիսյան

Մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ

Pin It on Pinterest