Թվում է, թե առօրյա հոգսերից բացի այլ մտածմունքներ չկան, անելիքները լոկ կենցաղային են… բայց արի ու տես, որ Արցախի երիտասարդները տեսնում են հայրենիքը վերակենդանացնելու իրենց առաքելությունը:

AMAA-ն 2022թ.-ից Արցախի հինգ գյուղում՝ Քոլատակ, Թբլղու, Հերհեր, Խերխան, Ծովատեղում իրականացնում է «Թռիչք» երիտասարդական զարգացման ծրագիրը:

Մեկ տարի շարունակ համայնքի երիտասարդները ինքնակրթվում ու ձեռք են բերում հմտություններ: Ապրելով Արցախում, գտնվելով շրջափակման ծանր պայմաններում՝ անհրաժեշտ է երիտասարդներից յուրաքանչյուրին փոխանցել իր առաքելության բաժինը. մենք ենք վաղվա հայրենիք կերտողները…

Շրջափակում… 7-օրյա գիշերակաց ճամբար… սննդի խնդիր, վառելիքի բացակայություն, հոսանքի անջատումներ… Թվում էր անհնար է նման պայմաններում ճամբար իրականացնել, բայց դա իրականություն դարձավ, իրականացավ մեծ հավատքով… «Թռիչք» ծրագրի տարբեր շրջանների երիտասարդները հավաքվեցին մեկ վայրում, մեկ նպատակի շուրջ…

«7 անմոռաց օրեր»,- ասում են երիտասարդները: Նրանք առիթ ունեցան հանդիպելու մի շարք մասնագետների, քաղաքական գործիչների եւ այլ ակտիվ երիտասարդների: Ծրագիրը հագեցած էր հանդիպումներով, խորհրդածությունով, ռազմահայրենասիրական բաժնով, ժամանցային բաժիններով, խաղերով եւ այլն։

Պատահում էր, որ կրակի վրա էինք հաց պատրաստում, լույսի գրաֆիկին էինք հարմարեցնում ծրագիրը, ոտքով էինք հացը հասցնում առավոտյան նախաճաշին, բայց այս ամենից առավել սերն էր, սերը դեպի մի սերունդ, ով ճակատագրի բերումով արդեն իսկ կրում է իր ուսերին մեծ պատասխանատվություն: Այս երիտասարդները գիտակցում են. հայրենիքը վիրավոր է, նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի…

 

 

Pin It on Pinterest