Մամուլի հաղորդագրություն 

Անմիջական աջակցություն ցուցաբերելով 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ AMAA-ն շարունակում է ընդլայնել իր առաքելությունը՝ մեկնարկելով երկու նոր նախագիծ. միանվագ եւ երկարաժամկետ։

Project Revive կեցության եւ կենսապահովման իր ծրագրով AMAA-ն նպատակ ունի աջակցել տեղահանված ընտանիքներին՝ վերականգնելու իրենց բնականոն կյանքը եւ հոգալու երկարաժամկետ կարիքները։

Այդ նպատակով AMAA-ի թիրախային մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Սյունիքում եւ Գեղարքունիքում ապաստանած արցախահայ ընտանիքներին ծրագիրը նախատեսում է աջակցել.

  1. տների վարձավճարների փոխհատուցմամբ,
  2. տների վերանորոգմամբ,
  3. կենտրոնացված համայնք ձեւավորելու նպատակով առավել խոցելի ընտանիքներին բնակելի տան ապահովմամբ,
  4. կենսապայմանների բարելավմանը միտված վերապատրաստումներով,
  5. գույքի կամ տեխնիկայի տրամադրմամբ,
  6. փոքր բիզնեսների հիմնմամբ,
  7. աշխատանքի տեղավորման հարցում աջակցությամբ,
  8. գյուղատնտեսական զարգացման խթանմամբ,
  9. ինչպես նաեւ հոգեբանական ծառայությունների մատուցմամբ,
  10. եւ, ըստ կարիքի, այլ կառույցներ ուղղորդմամբ։

Միանվագ աջակցության ծրագրի շրջանակում, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում եւ Երեւանում ապաստանած ընտանիքները կստանան նյութական օգնություն՝ հոգալու իրենց միջնաժամկետ կարիքները։

Կոչ ենք անում Ձեզ Ձեր շարունակական աջակցության եւ աղոթքների համար։ Ձեռք ձեռքի տված՝ մենք պիտի օգնենք մեր եղբայրներին եւ քույրերին հաղթահարել այս դժվարին ժամանակը։

AMAA-ի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության մասին ավելին իմանալու եւ նվիրատվությունների համար կարող եք այցելել մեր կայքը՝ www.amaa.org:

Նվիրաբերել

 
Կարող եք նաեւ ուղարկել PROJECT REVIVE-ի Ձեր նվիրատվությունները AMAA-ին՝ հասցեագրված Armenian Missionary Association of America, 31 West Century Road, Paramus, NJ 07652:

AMAA-ի մասին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հիմնադրվել է 1918 թ. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում։ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո AMAA-ն մեծ աշխատանք է տարել՝ երկրաշարժից տուժածներին տրամադրելով առաջնային օգնություն։ 1991 թ. ՀՀ անկախացումից եւ Հայաստանում AMAA-ի գրանցումից հետո, Երեւանում բացվել է Ընկերակցության կենտրոնական գրասենյակը։

Այժմ ՀՀ տարբեր մարզերում գործում են AMAA-ի տասնյակ գրասենյակներ։ Շուրջ 500 աշխատակիցների միջոցով կազմակերպությունն իրականացնում է կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր:

Pin It on Pinterest