Տոնական միջոցառումներ

Հարգելի՛ ընթերցող, հիշո՞ւմ եք փոքր տարիքում ինչպիսի անհամբերությամբ էինք սպասում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանկապարտեզում, դպրոցում և, ինչու չէ, տանը կազմակերպվող հանդեսներին: Այդ բոլորը մարմնավորում էին մեր երազանքները, ցանկությունների իրականացումը և լույսերով, ժպիտներով, ուրախ երգերով լի օրեր էին համարվում: Դանդաղ բաց էինք անում փաթեթավորված տուփերը և սրտի թրթիռով սպասում թե ինչ կլինեն դրանց մեջ, ինչ անակնկալ են պատրաստել մեզ համար մեր ծնողները, բարեկամներն ու ընկերները:

Իսկ երբ մեծացանք, համոզվեցինք, որ Ձմեռ պապ և Ձյունանույշ իրականում չկան, որ վատն ու չարը կյանքում երբեմն հաղթող են լինում, հեքիաթների հերոսները միայն հեքիաթներում են ապրում և, աստիճանաբար, սկսեցինք հասկանալ, որ իրական հրաշքները մենք ենք, մեր երեխաներն են` Աստծու մեծագույն պարգևները, որոնց մեջ պարփակված են մեր անցյալը, ներկան և ապագան:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում իր գոյության առաջին իսկ տարվանից կազմակերպում է Ամանորի և Սուրբ Ծննդյան հանդեսներ կարիքավոր երեխաների համար:

Վերջին տարիներին Հայաստանի և Արցախի 50-ից ավելի բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ հանդեսներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 20.000-ից ավելի երեխաներ:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգևում է մեծ ուրախություն, և ինչպես հրեշտակներն են ավետում, այդ ուրախությունը «ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկասի Ավետարան 2.10):

Տոնական օրերին ամենուրեք ելույթներ են ունենում Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակների գեղարվեստական կոլեկտիվները, մանկական երգչախմբերը, Ձմեռ պապն ու Ձյունանույշը, սիրված հեքիաթների և մուլտ ֆիլմերի հերոսները, անցկացվում են մրցումներ, բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ:

Ամեն տարի Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և ազգային տոների կապակցությամբ նոր բեմադրություններով է հանդես գալիս «Հայասա» թատերախումբը:

Pin It on Pinterest