ԵՐԵՎԱՆ — Սեպտեմբերի 17-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՄԱԱ) Հայաստանի մասնաճյուղը չորսամյա փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Լոռու մարզի 6 համայնքներում (Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագյուղ) կաթնամթերքի արտադրությունը բարելավելու և ընդլայնելու նպատակով։

Բարելավելով արոտավայրերը և անասնակերի արտադրությունը մարզում՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ և բարձրարժեք կաթի արտադրության աճին՝ արտադրությունից մինչև շուկա, ինչպես նաև ապահովելու արժեշղթայի կայունություն և գյուղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ։

Համաձայնագրի ստորագրմանը, որը կայացավ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ներկա էին «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի, «Բնության համաշխարհային» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան), «Հայկական Կարիտաս»-ի, «ԱՄՔՈՐ»-ի ներկայացուցիչներն ու ծրագրի շահառու գյուղերի համայնքապետերը։

Տնտեսական զարգացումը ՔՈԱՖ-ի ծրագրերի ուղղություններից մեկն է, որ նպաստում է գյուղական համայնքներում ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի բազմակողմանի զարգացմանը։ ՔՈԱՖ-ը նախկինում իր տնտեսական ծրագրերի շրջանակում համագործակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի հետ, ինչի արդյունքում հատապտուղների սերմեր, կաթիլային ոռոգման համակարգ տրամադրելու և 50 տնային տնտեսությունների՝ հատապտուղների աճեցման և մշակման առանձնահատկություններ սովորեցնելու միջոցով Լոռու մարզում ձևավորվել է ազնվամորու արժեշղթա։

Հիմնվելով նախորդ ծրագրի հաջողությունների վրա՝ ՔՈԱՖ-ը ցանկանում է այս մոդելը կիրառել նաև Հայաստանի կաթնարտադրության թերզարգացած ոլորտ ունեցող շրջաններում։ ԱՄԱԱ-ի հետ համատեղ ջանքերով ՔՈԱՖ-ը կկարողանա համապարփակ ազդեցություն թողնել Լոռու կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ նորարարական մեթոդներով օպտիմալացնելով գոյություն ունեցող 4 բիզնեսներ: Միաժամանակ, կհիմնվեն կաթնամթերքի 2 նոր բիզնեսներ, որոնք կօգտվեն կենդանիների վերարտադրողականության բարձրացման նախաձեռնությունից: Կաթի բարձրացված որակը նոր բիզնեսներին հնարավորություն կտա բարելավել անասնապահությունը, արտադրել բարձրորակ պանիր և մրցունակ դառնալ տեղական ու միջազգային շուկայում։

Նախագծի շրջանակներում տեղացի գյուղատնտեսները նաև ձեռք կբերեն նոր հմտություններ՝ կենդանիների արհեստական բեղմնավորումից մինչև եգիպտացորենի, կորնգանի և առվույտի դաշտերի մշակում։ Գործընկերների գնահատմամբ նախագծի շրջանակներում կստեղծվեն 70-ից ավելի աշխատատեղեր։

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին:

 

ԱՄԱԱ-ի մասին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՄԱԱ) հիմնադրվել է 1918 թ. հունիսի 7-ին, Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: Հայաստանում 1988 թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո ԱՄԱԱ-ն անխոնջ աշխատանք տարավ՝ երկրաշարժից տուժածների ցավը թեթևացնելու համար՝ ապահովելով սնունդ, հագուստ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:

1991 թ. Հայաստանի անկախացումից և Հայաստանում ԱՄԱԱ-ի գրանցումից հետո Երևանում բացվեց նոր գրասենյակ: Ներկայումս ԱՄԱԱ-ն գործում է Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր մարզերի տասնյակ գրասենյակներում՝ ավելի քան 475 աշխատակիցներով: ԱՄԱԱ-ի առաքելությունն է նպաստել հայ ժողովրդի բարեկեցությանը: Կազմակերպությունը ձգտում է օգնել՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը` տրամադրելով ֆինանսական, բժշկական, սոցիալական, կրթական, հոգևոր, մշակութային և զբաղվածության ծառայություններ: 1991 թ.-ից ի վեր՝ ԱՄԱԱ-ն օգնության է հասել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ավելի քան 100 000 հայրենակցի: ԱՄԱԱ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների բարօրությանն ու կրթությանը՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իր ծառայությունների ամբողջականությանն ու որակին՝ ուղղված հասարակության այլ խմբերին:

Pin It on Pinterest