AMAA-ի ամառային ճամբարներն այս տարի 31 բնակավայրում անմոռանալի օրեր պարգեւեցին 4883 մանուկի, պատանու ու երիտասարդի Հայաստանում եւ 550 երեխայի Արցախում։
Թվում է, թե առօրյա հոգսերից բացի այլ մտածմունքներ չկան, անելիքները լոկ կենցաղային են… բայց արի ու տես, որ Արցախի երիտասարդներն ունեն հայրենիքը վերակենդանացնելու իրենց տեսլականն ու առաքելությունը:
AMAA-ն 2022 թ.-ից Արցախի հինգ գյուղերում` Քոլատակ, Թբլղու, Հերհեր, Խերխան, Ծովատեղ, իրականացնում է «Թռիչք» երիտասարդական զարգացման ծրագիրը:
Մեկ տարի շարունակ համայնքի երիտասարդները ինքնակրթվում ու ձեռք են բերում հմտություններ: Ապրելով Արցախում, գտնվելով շրջափակման ծանր պայմաններում՝ անհրաժեշտ է երիտասարդներից յուրաքանչյուրին փոխանցել իր առաքելության բաժինը. մենք ենք վաղվա հայրենիք կերտողները…
Մարզումներ, արվեստ, խաղեր, ձեռքի աշխատանք ու երգեցողություն. մեր կամավորները հայտնվել էին տարատեսակ զբաղմունքների հորձանուտում:
Այնինչ AMAA-ի «Շողիկ» ճամբարի հայաշունչ բնությունը, հրաշամանուկների հետ անցկացրած որակյալ ժամանակը եւ քաղված արժեքավոր դասերն էին, որ այս փորձառությունն իսկապես յուրահատուկ դարձրին:
Հուլիսի սկզբից Հանքավանում ընթանում է տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ AMAA-ի «Շողիկ» մանկական ճամբարը։ Չորս հերթափոխով անցկացվող ճամբարին մասնակցում է 780 երեխա՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Մանկական ճամբարի այս տարվա խորագիրն է «Ձեռքդ սրտիս», որի նպատակն է երեխաներին փոխանցել ամենակարեւոր հոգեւոր արժեքը՝ սերը Աստծո եւ դիմացինի նկատմամբ։ Այս հիանալի փորձառությունից հետո երեխաները կվերադառնան տուն՝ լի սրտաբուխ ուրախությամբ եւ անմոռանալի հիշողություններով։
Հուլիս ամսվա ընթացքում, չնայած շրջափակմանը եւ ճգնաժամային սուղ պայմաններին, AMAA-ի Ստեփանակերտի գրասենյակը 175 երեխայի համար կազմակերպեց երկշաբաթյա բակային ճամբար։
Մենք հասկանում եւ գիտակցում էինք, որ անհրաժեշտ էր ճամբարն իրականացնել, որովհետեւ տեղյակ էինք՝ ի՜նչ մեծ սպասումներ ունեին մանուկները. ուրիշ ուրախություն նրանք այս ամառ չունեին։
Այս տարի AMAA-ի «Շողիկ» ճամբարում «Դու էլ միացիր» խորագիրը կրող պատանեկան հերթափոխին հնարավորություն ունեցավ մասնակցելու 585 պատանի Հայաստանի տարբեր շրջաններից եւ սահմանամերձ գոտիներից։
Նրանք վայելեցին հրաշալի օրեր՝ խաղերի, միմյանց հետ հաղորդակցության, աստվածաշնչյան դասերի, երեկոյան ժամանցային ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ հմտորեն մտածված ճամբարական անակնկալներով։
Օգոստոսի 15-20-ը AMAA-ի Հանքավանի «Շողիկ» ճամբարում կայացավ երիտասարդական հերթափոխը։ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած 17-35 տարեկան 200 երիտասարդ վայելեց անզուգական բնությունը եւ ամիսներ շարունակ մշակված զվարճալի եւ ուսուցողական ծրագիրը:
Ճամբարի ընդհանուր խորհագիրն էր «Բարձրացրու Առագաստդ»։ Երիտասարդներն ամեն օր ծանոթանում էին աստվածաշնչյան «նավարկության» մի դրվագի, որից դասեր էին քաղում իրենց իսկ կյանքի «ծովագնացության» համար։ Երիտասարդները նաեւ առիթ ունեցան իրենց կարողությունները փորձելու արվեստի տարբեր ոլորտներում, թիմային մտածելակերպը զարգացնող խաղեր խաղացին, իրենց տաղանդները բացահայտող ելույթներ ունեցան եւ վայելեցին տպավորիչ դահլիճային շոու ծրագրերը:
Մեզ փորձում են վերացնել,
իսկ մենք ապրում ենք եւ ապրեցնում…
Արցախում կյանքը այլ է, այստեղ ապրելու համար պետք է ինքդ դառնաս կողքինների համար հենարան, ինքդ պետք է կյանք փոխանցես, ինքդ պետք է պայքարես եւ չթուլանաս… անորոշություն, քաոս, հուսահատություն, թվում է, թե էլ երբեք հայրենիքիդ համար գարուններ չեն գալու…
Դժվար է այս ամենի մեջ ապրող երիտասարդ սերնդի հետ աշխատել եւ փոխանցել հույս, առավել դժվար է ցույց տալ առաքելության իր բաժինը։
AMAA-ն հերթական անգամ իր շուրջը համախմբեց բազում պատանիների եւ երիտասարդների, որպեսզի քաջալերի, հույս տա եւ սովորեցնի, որ հայրենիքի կերտման համար յուրաքանչյուրս անելիք ունենք…
View this post on Instagram