Կրթաթոշակ
AMAA-ի Կրթաթոշակի ծրագիր
scholarship.amaa.am
Ընդհանուր տեղեկություն
Կարեւորելով որակյալ կրթություն եւ արհեստավարժ մասնագետներ ունենալու անհրաժեշտությունը՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն (AMAA) իրականացնում է Կրթաթոշակի ամենամյա ծրագիրը Հայաստանի եւ Արցախի պետական ու միջպետական բուհերի՝ ուսուցման առկա համակարգում սովորող կամ սովորել պատրաստվող ուսանողների համար։
Ծրագիրը նաեւ AMAA-ի «Ծարավ» երիտասարդական հարթակի միջոցով անձնային աճի եւ ինքնազարգացման հնարավորություններ է ընձեռում ուսանողներին՝ նրանց համար կազմակերպելով հանդիպումներ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների եւ սիրված մարդկանց հետ, ինչպես նաեւ՝ ֆիլմի դիտումներ ու բեսթսելլերների ընթերցանություն «Ծարավ»-ի հարուստ գրադարանից։
Կրթաթոշակի ծրագրին կարող են դիմել վերը նշված բուհերի այն ուսանողներն, ովքեր՝
- ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն,
- ֆինանսական կարիք։
Ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝
- հայտի ներկայացում,
- հարցազրույց։
Հանձնաժողովի կողմից որպես ծրագրի մասնակից ընտրված ուսանողները պետք է`
- լրացնեն «Ուսանողի կարիքի գնահատման ձեւաթուղթը»,
- հաստատեն «Կրթաթոշակառուի հայտարարությունը»,
- տարեկան երկու անգամ տրամադրեն հաշվետվություն իրենց ակադեմիական եւ անձնային աճի վերաբերյալ։
Հայտերն ընդունվում են յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Եթե ունեք այլ հարցեր
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ զանգելով (+374 10) 54 35 76 հեռախոսահամարին կամ գրելով scholarship@amaa.am էլ․հասցեին։
Քանի՞ անգամ կարող եմ դիմել ծրագրին մեկ տարվա ընթացքում եւ առհասարակ։
Կրթաթոշակի ծրագիրն ամենամյա է։ Յուրաքանչյուր տարի մասնակցելու համար կարող եք նորից դիմել, իսկ տվյալ տարվա ընթացքում կարող եք դիմել մեկ անգամ։
Եթե ես չեմ ցանկանում լրացնել «Ուսանողի կարիքի գնահատման ձեւաթուղթը», կարո՞ղ եմ մասնակցել ծրագրին։
«Ուսանողի կարիքի գնահատման ձեւաթուղթը» համարվում է ծրագրի անբաժան մաս։ Ծրագրին Ձեր մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է լրացնել եւ հաստատել նշված ձեւաթղթերը։
Եթե որեւէ փաստաթուղթ պակասում է կամ դիմումի մեջ կան չլրացված կետեր, ապա հնարավո՞ր է, որ իմ հայտը չընդունվի։
Պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված յուրաքանչյուր պարտադիր համարվող փաստաթղթի բացակայության կամ դիմումի մեջ սխալ կամ չլրացված պարտադիր կետերի դեպքում Ձեր հայտը ենթակա չէ դիտարկման։
Ե՞րբ է նախատեսվում ուսման վարձի փոխհատուցումն այն ուսանողների համար, ովքեր ընտրվում են որպես ծրագրի մասնակիցներ։
Կրթաթոշակը տրվում է յուրաքանչյուր տարի՝ աշնանային կիսամյակի ընթացքում։
Ծրագրին դիմելու կարգը
Հաճախակի տրվող հարցեր
Ո՞րն է ծրագրի նպատակը։
Աջակցել ուսանողներին՝ շարունակելու իրենց կրթությունը եւ դառնալու որակյալ մասնագետներ։
Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին։
ՀՀ եւ Արցախի պետական եւ միջպետական ԲՈՒՀ-երի՝ ուսուցման առկա համակարգում սովորող ուսանողները կամ դիմորդները:
Ե՞րբ կարող եմ դիմել ծրագրին։
Ծրագրին կարող եք դիմել յուրաքանչյուր տարի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմումները համապատասխան փաստաթղթերով ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված է տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը: Վերջնաժամկետից հետո դիմումներ չեն ընդունվում։
Ծրագրին դիմելու հայտը պետք է լրացնեմ առցա՞նց, թե՞ թղթային տարբերակով։
Ծրագրին դիմելու հայտը լրացնելու համար հարկավոր է գրանցվել scholarship.amaa.am կայքում եւ կցել անհրաժեշտ փաստաթղթերը։ Այն պարագայում, երբ դա հնարավոր չէ, կարող եք ներկայացնել Ձեր դիմումը թղթային տարբերակով՝ փաստաթղթերը ներկայացնելով AMAA երեւանյան գրասենյակ (հասցե՝ ք․Երեւան, Բաղրամյան 18)։
Եթե ես մեկ անգամ դիմել եմ ծրագրին, արդյո՞ք հարկավոր է հաջորդ տարվա համար նորից դիմել։
Ուսանողական դրամական նպաստի ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի եւ ամենամյա ծրագրին մասնակցելու համար, անկախ նախորդ տարվա արդյունքից, հարկավոր է նոր հայտ ներկայացնել։ Նախորդ տարիների դիմումները չեն կարող հիմք հանդիսանալ նոր ուսումնական տարվա համար:
Ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել ծրագրին դիմելու համար։
Անհրաժեշտ է ներկայացնել՝
- Դիմումի ձեւը (լրացված առցանց կամ թղթային տարբերակով),
- Անձնագրի պատճենը կամ սկանավորված տարբերակը (հայտի առցանց լրացման դեպքում),
- Ուսման վարձի չափը ներառող տեղեկանք (կամ սկանավորված տարբերակը) ուսումնական հաստատությունից,
- Ակադեմիական առաջադիմության միջին որակական գնահատականի (ՄՈԳ) թերթիկը (առցանց լրացման դեպքում՝ սկանավորված տարբերակը) վերջին չորս կիսամյակի վերաբերյալ (առաջին կուրս ընդունված ուսանողների դեպքում՝ ատեստատի (ավարտական վկայական) գնահատականները, երկրորդ կուրս փոխադրվողների դեպքում՝ ամբողջական ՄՈԳ-ը),
- Դիմորդի ակադեմիական կարողություններն ու բնութագիրը նկարագրող 3 նամակ (“recommendation letter”)** մասնագիտական առարկաների դասախոս(ներ)ից, գիտական ղեկավարից եւ/կամ նշանավոր այլ անձից։ Ցանկալի (բայց ոչ պարտադիր) է, որ բնութագրական նամակներից մեկը տրամադրվի եկեղեցու հոգեւոր հովվից։ Նամակին կից հարկավոր է նշել բնութագիրը տրամադրող անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ դիմորդի հետ եղած կապը։
Ինչու՞ եմ ես լրացնում «Ուսանողի կարիքի գնահատման ձեւաթուղթը»
Կարեւորելով որակյալ կրթության անհրաժեշտությունը եւ կրթության շարունակականությունը, ինչպես նաեւ, ուսանողի ստացած գիտելիքներն ու հմտությունները հանրությանը արդյունավետ կերպով ծառայեցնելը՝ AMAA-ն Կրթաթոշակի ծրագրի շրջանակում նախաձեռնում է կրթաթոշակառուների ուսումնական կարիքների գնահատում, որի նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ են կանգնած ուսանողները՝ իրենց կարիերայի կերտման ճանապարհին։ AMAA-ն նախատեսում է շարունակաբար տարբեր ծրագրերի (պրակտիկա, կամավորություն, դասընթացներ եւ այլն) միջոցով հզորացնել երիտասարդներին։ Այդ իսկ պատճառով ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում նշված ձեւաթղթի լրացումը։
Եթե ես ընտրվել եմ որպես ծրագրի մասնակից, ինչպե՞ս է որոշվելու, թե ես ուսմանս վարձի որ չափի փոխհատուցումն եմ ստանալու։
Ուսման վարձի փոխհատուցման չափը որոշվում է կրթական ծրագրերի հանձնաժողովի կողմից։
Եթե ես ընտրվել եմ որպես ծրագրի մասնակից, գումարն ի՞նձ է փոխանցվելու, թե՞ համալսարանին եւ ի՞նչ կերպով։
Կրթաթոշակը փոխանցվում է բացառապես ուսումնական հաստատություն՝ ֆինանսահաշվարկային բաժնի կողմից հաստատված փաստաթղթի հիման վրա։ Ուսանողի անձնական հաշվին կրթաթոշակ չի փոխանցվում։
Ինչու՞ ես չեմ ընտրվել ծրագրի մասնակից, եթե ներկայացրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Յուրաքանչյուր տարի ծրագրին մասնակցությունն իրականացվում է մրցութային կարգով։ Հայտերի ներկայացումից հետո դիմորդները հրավիրվում են հարցազրույցի եւ կրթական ծրագրերի հանձնաժողովը հայտի եւ հարցազրույցի հիման վրա կայացնում է որոշում տվյալ դիմորդի վերաբերյալ։