CheeseUp կաթի արժեշղթայի զարգացման ծրագիր

Դեռեւս 2021 թ․ սեպտեմբերին, երկու բարեգործական կազմակերպություն՝ COAF-ը եւ AMAA-ն, փոխըմբռնման հուշագրով մեկնարկեցին CheeseUp համայնքային տնտեսական զարգացման չորսամյա ծրագիրը Լոռու մարզի վեց գյուղերում (Չկալով, Դեբետ, Ձորագյուղ, Դսեղ, Վահագնի, Եղեգնուտ), որն արդեն երկու տարի անց պետք է տար իր տեսանելի արդյունքները։

CheeseUp ծրագիրը նպատակ ուներ նպաստելու բարձրորակ եւ բարձրարժեք կաթի ու պանրի արտադրության աճին՝ արտադրությունից մինեւ շուկա, ինչպես նաեւ ապահովել արժեշղթայի կայունություն եւ գյուղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ։

Հակիրճ ներկայացնենք մինչ այս պահն իրականացրած բաղադրիչները եւ ցուցաբերված միջանկյալ արդյունքները։

Դասընթացներ եւ վերապատրաստում

Ընտանիքները սովորում են․ ծրագրի այս բաղադրիչում մեծապես համագործակցել ենք տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Ռազմավարական զարգացման գործակալություն, Քարդ հիմնադրամ, PUM նիդերլանդական փորձագետների ծրագիր եւ այլն։ Ծրագրի այս հատվածը լավագույն հիմքն էր ընտանիքների համար՝ շարունակաբար սովորելու ու հմտանալու արդյունավետ անասնապահության մեջ։ Այս երկու տարիների ընթացքում կազմակերպվել են դասընթացներ հետեւյալ թեմաների վերաբերյալ՝

  • ԽԵԿ (խոշոր եղջերավոր կենդանիներ) խնամք եւ պահվածք,
  • ԽԵԿ կերակրում,
  • ԽԵԿ կիթ, կթի տեխնոլոգիա (ավտոմատացված եւ ձեռքով), հիգիենայի կանոններ,
  • ԽԵԿ առողջապահություն։

Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է նաեւ սերմնավորող մասնագետ՝ ապահովելու համար որակյալ եւ հասանելի ԽԵԿ արհեստական սերմնավորման ծառայությունը։

Արհեստական սերմնավորումներ

2021 թ․-ից մինչ այժմ շարունակում ենք հզորացնել մեր ընտանիքներին, օգնելով նրանց ստանալ ԽԵԿ բարձրարժեք ցեղատեսակներ՝ այդ թվում շվից, հոլշտեյն, սիմենթալ, այշիռ, ջերսեյ։ Մինչ այժմ իրականացվել է ավելի քան 500 սերմնավորում եւ առաջիկայում առաջին սերնդի հորթերը, որոնք արդեն երինջներ են, եւս կսերմնավորվեն եւ ծրագիրը կստանա մաքրացեղ ԽԵԿ-ի երկրորդ սերունդը։ Բարձրարժեք ցեղատեսակները նպաստում են որակյալ եւ մեծաքանակ կաթ ստանալուն, ինչն էլ իր հերթին ապահովելու է գործարանների համար բարձրարժեք պանիր արտադրելու հնարավորությունը։

Սերմեր

Որակյալ կաթ ստանալու համար հարկավոր է բարձրարժեք ցեղատեսակից բացի կերակրել ԽԵԿ-ին որակյալ կերով։ Այդ նպատակով CheeseUp-ը ձեռնարկեց թիրախ գյուղերում 30 տարուց ավել չմշակված հողերի մշակումը ընտանիքների կողմից։ Արդյունքում վեց գյուղերից շուրջ 138 ընտանիքներ ներառվեցին 5 տեսակ կերային սերմերի մշակության մեջ՝ մշակելով ընդհանուր առմամբ 390 հա հողատարածք։ Այս բաղադրիչը լուրջ ցուցիչ է ծրագրի եւ համայնքների համար, քանի որ 100 տոկոսով աճել է մշակվող հողերի քանակը՝ երեք սեզոնի ընթացքում հասնելով 198 հա-ից 390 հա-ի։ Մշակելով եգիպտացորեն, ճակնդեղ, գարի, առվույտ եւ վարսակ, ընտանիքները կարողանում են որակյալ կերակրել իրենց ԽԵԿ-ին։ Ծրագրի այս բաղադրիչում ընտանիքի հետ համագործակցությունը հետեւյալ կերպով է՝ ծրագիրն ընտանիքին տրամադրում է կերային մշակաբույսի սերմ, ընտանիքը կատարում է մնացյալ բոլոր աշխատանքները՝ վար, ցանքս, մշակում, պարարտացում, հունձք եւ վերամշակում։

Գյուղտեխնիկա

Ծրագրի այս բաղադրիչը լավագույն հնարավորություն էր Լոռու մարզի վեց գյուղերի ընտանիքների համար՝ ունենալու իրական միջոցներ չմշակված հողերի մշակման եւ կաթի արժեշղթայի մեջ կերային բաղադրիչի ապահովման համար։

Մինչ այժմ ծրագրի շրջանակում ձեւավորված երեք գյուղատնտեսական կոպերատիվների (Ձորի հասկ, Դսեղա Արտեր, ԷՎՎԱԳ) միջոցով վեց գյուղերին տրամադրվել են հետեւյալ գյուղտեխնիկաները՝

  • հացահատիկային կոմբայն,
  • կերաղացներ,
  • տրակտոր,
  • բեռնատար մեքենա սարամիջյան ճանապարհների բարեկարգման համար,
  • կթի ագրեգատներ՝ ավտոմատացված կիթ իրականացնելու համար,
  • գոմաղբ շաղ տվող կցորդ՝ հողերի պարարտացման համար։

Տեղական երկու պանրի արտադրամասերի հիմնանորոգում եւ տեխնիկատեխնոլոգիական հագեցում

Երկու տարվա ընթացքում ծրագիրը թիրախ գյուղերից ընտրել է երկու տեղական պանրի արտադրամաս եւ հզորացրել տեխնիկատեխնոլոգիապես։ Արդյունքում երկու արտադրամասերը հմտացել են գաուդա պանրի արտադրության մեջ, ավելի որակյալ են արտադրում լոռի եւ չանախ պանիրները, առաջիկայում պլանավորում են արտադրել սուլուգունի եւ այլ բարձրարժեք պանիրներ։

Արտադրամասերի պանրագործները շարունակ մասնակցում են տեղական եւ միջազգային փորձագետների կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ ավելի հմտանալով պանրագործության մեջ։

Այժմ արտադրամասերը բրենդավորման փուլում են եւ արդեն ձեւավորվել ու գրանցվել են Ձորագյուղի «DULCHIZ» եւ Դսեղի «lemontani» բրենդները, որոնք շարունակ հզորացման փուլում են։

Ավելացված աշխատատեղեր

Ծրագրի կարեւորագույն գրավականներից են աշխատատեղերի ավելացումը։ Երկու տարվա ընթացքում շուրջ 20-ից ավել աշխատատեղ է ավելացել՝ վարորդներ, կերաղացները գործարկողներ, ցանքսերի ընդլայնման արդյունքում անուղղակի ավելացել են իրականացվող աշխատանքները՝ հետեւաբար, աշխատողները։

Սերմնավորման ողջ ընթացքը իրականացվում եւ հսկվում է վերապատրաստված սերմնավորող տեխնիկի կողմից։

Ամփոփելով նշենք, որ CheeseUp-ը, ի դեմս AMAA-ի եւ COAF-ի, հանձն էր առել կայուն տնտեսական զարգացման ռելսերի վրա դնել Լոռու վեց գյուղերը եւ ուրախությամբ վերահայտնենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու հզորացնել եւ կանգնել գյուղերի կողքին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը։

Ծրագիրը կշարունակի պլանավորված գործողությունները առաջիկա երկու տարիներին եւս, իրականացնելով սերմնավորումների, սերմերի եւ պանրի արտադրամասերի հզորացման բաղադրիչները։ CheeseUp-ի շեշտադրումը կլինի նաեւ շարունակական մոնիթորինգը՝ պահպանելու համար գործողությունների որակյալ ընթացքը։

Pin It on Pinterest