Ամառային ճամբարներ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության բարեգործության շնորհիվ 1991 թ. սկսած ամեն տարի հազարավոր կարիքավոր երեխաներ ու պատանիներ հանգստացել են Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող ամառային հանգստի ճամբարներում:

2003 թվականից երեխաները հանգստանում են Հայ Ավետարանչական ընկերակցության Հանքավանի «Շիին Շողիկ» և Շուշիի «Պետրոսյան» ամառային հանգստի և Հայաստանի և Արցախի 50-ից ավելի բնակավայրերում կազմակերպվող բակային ճամբարներում:

Ճամբարներում երեխաներն ակտիվ հանգստի, կանոնավոր սննդի, ուրախ մթնոլորտի մեջ ապրելով` առիթ են ունենում տարբեր կերպերով ծանոթանալ ազգային և մշակութային արժեքներին, Աստվածաշնչի մանկական պատմություններին, ստանում են ֆիզիկական և ընկերային դաստիարակություն, վայելում հայրենի չնաշխարհիկ բնությունը:

Ճամբարներում երեխաները խաղում են, նկարում, պարում, սովորում նոր երգեր, նոր պատմություններ, զարգացնում իրենց ընդունակությունները, մարզվում, քրիստոնեական սիրո մթնոլորտում հանդիպում իրենց հասակակիցների հետ, ձեռք բերում նոր ընկերներ… և հուզված մեկնում տուն` նորից ճամբար վերադառնալու, նոր ընկերներին կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մեկ — երկու օր ճամբարում անցկացնելուց հետո, երբ երեխաներին հարցնում ենք, ո՞ր զբաղմունքն է ձեզ համար նախնըտրելի, նրանք դժվարանում են պատասխանել, սակայն բոլորն էլ համաձայնվում են, որ ձանձրանալու ժամանակ չունեն և այն ամենը, ինչ մատուցվում է և այն միջոցառումները, որոնցում ընդգրկված են որպես մասնակից` հաճելի են, ուրախալի և օգտակար:

Դաստիարակչական, ստեղծագործական զբաղմունքները (ձեռարվեստի տարբեր խմբակներ, կարծիքների փոխանակում տարբեր հարցերի շուրջ, երևույթների գնահատում, և այլն) խթան են հանդիսանում երեխաների մտքին, ոգևորում նրանց և նոր խնդիրների առջև կանգնեցնում:

Երեխաների համար հետաքրքիր պահերից են երեկոյան ձեռնարկները: Դրանց ժամանակ է, որ նրանք մասնակցում են շարժուն խաղերին, սպորտային մրցումներին, թատերական խմբերի պարապմունքներին, լսում աստվածաշնչյան եւ քրիստոնեական բովանդակությամբ շարունակական պատմություններ: Օրինակ, անգլիացի հանրահայտ հեղինակ Ջոն Բունյանի «Քրիստիանոսի ճամփորդությունը», որը շատ հետաքրիր է և՛ մեծերի և՛ փոքրերի համար, աշխատություն, որն իր տեղն ունի համաշխարհային քրիստոնեական մշակույթի գանձարանում:

Ճամբարի առաջնորդները երեխաներին պատմում էին նաև հայ գրերի գյուտի մասին, որը խիստ նշանակալից, բացառիկ և անկյունադարձային իրադարձություն եղավ հայոց պատմության մեջ: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գիտակցում էր, որ հայ ազգային նկարագիրը կարող էր կերտվել հայոց այբուբենի ստեղծմամբ, հայ գրավոր խոսքով և գրականությամբ: Նա համոզված էր, որ քրիստոնեական հավատքը ամրապնդելու, հոգևոր զենքով զրահավորվելու համար Հայաստանի դպրոցներն ու եկեղեցիները պետք է գործածեին հայաբարբառ Աստվածաշունչ մատյան, գիր ու գրականություն:

Ազգային արժեքներ

Լինել լավ քրիստոնյա` նշանակում է լինել լավ քաղաքացի, սիրել հայրենիքը: Ճամբարակնները տարբեր կերպերով առնչվում էին ազգային մշակութային արժեքներին, հայրենասիրական պատմությունների միջոցով ծանոթանում անցյալի հերոսական կերպարներին, պատկերացնում, թե իրենք ինչպես կվարվեին հերոսների փոխարեն նմանատիպ իրադրություններում:

Ճամբարականները տուն են վերադառնում կոփված, առույգ, ուրախ տրամադրությամբ: Ծնողները հաճախ զարմանում են, որ իրենց երեխաները ճամբարից հետո ավելի հնազանդ են, օգնող, ներող, բարի և ճաշից ու քնելուց առաջ շնորհակալություն են հայտնում Աստծուն և իրենց այդ օրվա բարհաջող ավարտի համար և հետո քնում: Երեխաների կյանքում այս փոփոխություններն արդեն զգացվում են ճամաբարում: Հանգստից մի քանի օր հետո, տարբեր քաղաքներից ժամանածների միջև վերանում են հաղորդակցվելու արգելքները: Երեխաները սկսում են կիրառել սիրո և ընկերային հարաբերության այն չափանիշները, որոնք սովորում են աստվածաշնչյան շարունակական պատմությունների հերոսների կյանքից:

Ճամբարի սիրո և հոգատարության քրիստոնեական մթնոլորտը երեխային վերափոխելու մեծ ներուժ ունի: Զարմանալի չէ, որ երեխաների մեծ մասը բաժանվելիս առաջնորդներին ասում են, որ այստեղ բոլորն իրենց սիրում էին եւ իրենք ոչ մի բանի կարոտ չեն զգացել: Այն երեխաները, ովքեր մի քանի տարի է հանգստանում են ճամբարներում նկատում ենք նրանց հոգևոր աճը. կարգապահ են, հարգում են ընկերներին, սիրում են իրար, առաջին իսկ առիթի դեպքում ուզում են օգտակար լինել դիմացինին:

Pin It on Pinterest